
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ «ԴՈՒԲԱՅԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ» ԿԱՍԿԱԾԻ ՏԱ՞Կ
Եթե թունելի վերջում լույս է երևում, պետք չէ ուրախանալ. միգուցե դա գնացքն է։ Վերջերս համաշխարհային տնտեսությունը սկսեց ցույց տալ առողջացման որոշակի նշաններ, մի շարք երկրներում ՀՆԱ-ն դանդաղեցրեց իր կտրուկ անկումը, իսկ որոշ երկրներում էլ նույնիսկ ՀՆԱ-ի աճ գրանցվեց: Եվ ահա, ճգնաժամի կողմից դեռևս չապականված, բարեկեցության և հաջողության փարոս համարվող Դուբայի Էմիրությունից ստացված ահազանգը եկավ հաստատելու մեկ պարզ ճշմարտություն. եթե ամեն ինչ լավ է, ուրեմն ինչ-որ բան դուրս է մնացել ուշադրությունից։ Սակայն արձագանքները միանշանակ չեն. շատերի կարծիքով` ծառը դեռ նոր է պտուղ տալիս, մյուսներն էլ կարծում են, որ սարսափելի ոչինչ չկա՝ Դուբայն անպայման կդիմանա։
ՈՉ ՄԻԱՅՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Ո՞ւր էինք մենք, երբ Աստված նավթ էր բաժանում» հարցը իրենց կարող են տալ բոլոր այն ազգերը, որոնք վստահ են, որ միայն էներգակիրների առկայությունը բավարար է երկրի տնտեսական զարգացումն ապահովելու համար։ Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ էներգակիրների առատությունը դեռևս բավարար չէ բարեկեցության հասնելու համար։
Սակայն հեռուն նայող նավթային երկրներն աշխատում են նավթային եկամուտների միջոցով իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացիա՝ ապահովելով զարգացման այլընտրանքային ճանապարհներ։ Նման երկրների շարքում է Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։ Նավթի և գազի պաշարներով ԱՄԷ-ն աշխարհի 6-րդ երկիրն է։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 2008թ. ԱՄԷ-ն 12-րդ տեղում էր։ Վենեսուելան և ԱՄԷ-ն ունեն նավթի հավասարաչափ պաշարներ, 2008թ. արտադրել են գրեթե նույն ծավալի նավթ, սակայն վերոնշյալ ցուցանիշով ԱՄԷ-ն գերազանցում է Վենեսուելային գրեթե 3,5 անգամ։ 2008թ. Ռուսաստանում արտադրվել է 3,3 անգամ ավելի շատ նավթ, քան ԱՄԷ-ում, սակայն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Ռուսաստանը 73-րդն է աշխարհում։
ԱՄԷ-ի տնտեսական պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք հաջորդական փուլերի։ Մինչև 1960-ականները ԱՄԷ-ի տնտեսության հիմնական բաղադրիչը գյուղատնտեսությունն էր։ Երբ Էմիրություններում հայտնաբերվեցին նավթի զգալի պաշարներ, տնտեսությունը սկսեց վերելք ապրել և զարգանալ էներգակիրների հաշվին։ Սակայն անցած դարի վերջերից ԱՄԷ-ն սկսում է զարգացնել նաև իր տնտեսության ոչ նավթային հատվածները՝ ստեղծելով ազատ տնտեսական գոտիներ, իրականացնելով մասշտաբային շինարարական ծրագրեր և այլն։
Չնայած նավթային հատվածը դեռևս մնում է Էմիրությունների տնտեսության գլխավոր բաղադրիչներից մեկը, այնուամենայնիվ այս երկրին հաջողվեց իրականացնել տնտեսության զգալի դիվերսիֆիկացիա։ 2008թ. ԱՄԷ-ի ոչ նավթային ՀՆԱ-ն (հաշվարկված տնտեսության ոչ նավթային հատվածի համար) աճել էր նախորդ տարվա համեմատ 3,6%, նավթային ՀՆԱ-ն՝ 12,1%, այն դեպքում, երբ ՀՆԱ-ի ընդհանուր աճը կազմել էր 7,4%: Տնտեսական ճգնաժամը պետք է որ զգային ոչ նավթային հատվածները, իսկ նավթի գների ռեկորդային աճն իր դրական ազդեցությունն ունեցավ նավթային հատվածի վրա։ Արդյունքում 2008թ. ոչ նավթային հատվածին էր բաժին ընկնում տնտեսության 62,1%( 64,1%` 2007թ.), իսկ նավթայինին` 37,9% (35,1%` 2007թ.)։
ԿԱՆԱՉ ՕԱԶԻՍ ԱՆԱՊԱՏՈՒՄ
ԱՄԷ-ն դաշնային պետություն է և կազմված է 7 էմիրություններից։ Էմիրությունները միմյանցից տարբերվում են թե՜ աշխարհագրական և ժողովրդագրական և թե՜ տնտեսական ու սոցիալական պայմաններով։ ԱՄԷ-ի տնտեսության շարժիչ ուժերը Աբու Դաբիի և Դուբայի Էմիրություններն են։ Այս երկուսին է բաժին ընկնում ԱՄԷ-ի ՀՆԱ-ի գրեթե 90%-ը: Ընդ որում` մայրաքաղաքային Աբու Դաբիի Էմիրությանն է բաժին ընկնում երկրի նավթագազային պաշարների մոտ 90%-ը։ Այդ իսկ պատճառով Դուբայը ստիպված է փնտրել զարգացման այլընտրանքային ուղիներ։ ԱՄԷ-ի այս երկու էմիրությունները տարբերվում են իրարից տնտեսական զարգացման մոդելներով. առաջինն ավելի պահպանողական է, ավելի քիչ կախում ունի արտասահմանյան վարկային միջոցներից։ Երկրորդն ավելի ազատական է թե՜ տնտեսական և թե՜ հասարակական կյանքի տեսակետից, հիմնական ուշադրությունը սևեռում է ենթակառուցվածքների և օտարերկրյա ներդրումների վրա։
Զարգանալու համար Դուբային անհրաժեշտ էր առաջարկել աշխարհին այն, ինչ չկար տարածաշրջանի այլ երկրներում՝ ենթակառուցվածքներ, ցածր ծախքեր, կայունություն։ Դուբայում կա 12 ազատ տնտեսական գոտի, որտեղ օտարերկրյա ներդրողն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Այստեղ կարելի է բացել ընկերություններ 100% օտարերկրյա կապիտալով, առանց դժվարությունների դուրս հանել շահույթն ու կապիտալը։ Շահութահարկի և եկամտահարկի մակարդակներն այստեղ նույնպես զգալիորեն ցածր են, ինչի արդյունքում կրճատվում են բիզնեսի իրականացման ծախսերը, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում ներգրավել էժան աշխատուժ հարավասիական տարածաշրջանից։ Բիզնես վարչարարությունը տարվում է անգլերենով, օրենքները, բիզնես սկսելու գործընթացները պարզ են, հասկանալի և կանխատեսելի։ Այստեղ հարց է առաջանում. եթե կառավարությունը գրեթե չի հարկում ոչ մեկին, ինչի՞ հաշվին են ձևավորվում պետական եկամուտները։ Պետական Emirates Airlines ընկերությունը սպասարկում է ինտենսիվ ուղևորափոխադրումները Դուբայի և աշխարհի միջև։ Պետական շինարարական ընկերություններն իրականացնում են Դուբայի բիզնես և տուրիստական ենթակառուցվածքների շինարարության գերակշիռ մասը։ Դուբայն աշխարհի վերարտահանման կենտրոններից երրորդն է։ Միայն 2008թ. Դուբայից վերարտահանվել է գրեթե 34 մլրդ դոլարի ապրանք։ Վերարտահանման նման ծավալներին առաջին հերթին նպաստում է Դուբայի գերզարգացած նավահանգիստը, սակայն պակաս կարևորություն չունի նաև բարենպաստ օրենսդրական դաշտը։ Դուբայը, փաստորեն, դարձել է շրջափակված Իրանի լույս աշխարհ տանող գլխավոր դարպասը։ 2008թ. Իրանը Դուբայի վերարտահանման ուղղություններից երկրորդն էր (առաջինը Հնդկաստանն էր)՝ գրեթե 5,5 մլրդ դոլար ծավալով։ Երբ իրանական ընկերությունները պետք է առևտուր անեն այն երկրների հետ, որոնց նկատմամբ կա արգելք կա°մ Իրանում, կա°մ էլ այդ երկրում է գործում արգելք Իրանի հետ առևտուր անելու վրա, ապա նրանք բացում են ընկերություն Դուբայում և վերջինիս միջոցով էլ իրականացնում են գործարքները։ Դուբայը շահում է կրկնակի, առաջին` իր մոտ գրանցելով իրանական ընկերությանը` հարկում է նրան, վարձակալության տալիս գրասենյակային տարածք, երկրորդ` օգտագործում է իր նավահանգստի հզորությունները։
Դուբայի փաստացի բնակչության գրեթե 85%-ը օտարերկրացի աշխատողներն են, որոնք չունեն քաղաքացիություն և չեն վճարում եկամտահարկ։ Դուբայը չի տալիս նրանց ոչ մի տեսակի սոցիալական կամ առողջապահական ապահովագրավճար։ Փոխարենը, այդ ամենն ունեն Դուբայի բնիկները, ընդ որում` համաշխարհային ստանդարտներին համապատասխան։ Իսկ ընդհանրապես, դուբայցի արաբին հարիր չէ զբաղվել այնպիսի աշխատանքով, որը կարող է անել ասենք օտարերկրացին։ Նրանք հիմնականում աշխատում են պետական համակարգում, տուրիզմի, զվարճանքների և ընդհանրապես բիզնեսի «ազնվական» օղակներում։
ՎՏԱՆԳՎԱԾ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
Այն ժամանակ, երբ աշխարհը կարծես թե իրար հետևող աղմկալից սնանկացումներից խելքի գալու նշաններ էր ցույց տալիս, բարեկեցության այս փոքրիկ կղզին որոշեց նույնպես անմասն չմնալ համաշխարհային դժբախտությունից։ Նոյեմբերի վերջին` իսլամական Էյդ ալ Ադհա տոնի նախօրեին, Դուբայի ամենախոշոր ընկերություններից մեկը՝ Dubai World-ը (DW) հայտարարեց, որ պատրաստվում է հետաձգել իր գրեթե 26 մլրդ դոլարի հասնող պարտքերի մարումը 6 ամսով։ Տնտեսական փորձագետները միանգամից ենթադրեցին, որ վերակառուցման կենթարկվեն DW-ի առավել քան 59 մլրդ դոլարի հասնող պարտքերը, և չնայած սկզբնական օրերին խոսքն ընդամենը իսլամական պարտատոմսերի 3.5 մլրդի հասնող վճարումների հետաձգման մասին էր, այնուամենայնիվ, համաշխարհային շուկաները միանգամից պատասխանեցին անկումներով։ Մեկ օրվա ընթացքում լոնդոնյան FTSE-100 ինդեքսը նվազեց 3%-ով, ասիական ինդեքսները կորցրին միջինում 3-4%: Նշենք, որ արևմտյան ընկերություններից DW-ում ներդրումներ ունեն HSBC-ն (17 մլրդ դոլար), Standard Chartered-ը (7,8 մլրդ), ինչպես նաև Barclays-ը (3,6 մլրդ) և բազմաչարչար Royal bank of Scotalnd-ը (3,7 մլրդ)։ Չնայած ֆինանսական շուկաների առաջնային արձագանքի կտրուկությանը` հաշված օրերի ընթացքում դրանք վերականգնեցին իրենց նախկին դիրքերը. ոչ ոք չէր հավատում, որ Դուբային թույլ կտան սնանկանալ, նույնիսկ եթե այդպես էլ լինի, զարգացած երկրների վրա այն չի ունենա 2008թ. հաջորդական սնանկացումների ազդեցությունը։
DW-ը Դուբայի տնտեսության հիմնական բաղադրիչն է։ Սնվելով հիմնականում օտաերկրյա վարկերով` ընկերությունն իրականացնում է բազմաբնույթ և մեծածավալ գործունեություն թե° Էմիրության տարածքում և թե° նրանից դուրս։ Ընկերությունն ունի 50 000-ից ավելի աշխատակից և գործում է աշխարհի գրեթե 100 քաղաքներում։ DW-ի հիմնական սեփականատերն ու նախագահը Էմիրության սուլթանն է: DW-ի կազմի մեջ են մտնում նաև աշխարհի երրորդ խոշոր նավահանգստային օպերատորը, Դուբայի ամենախոշոր շինարարական ընկերությունըª Nakheel-ը։ Վերջինս իրականացնում է այնպիսի լայնամասշտաբ ծրագրեր, ինչպիսիք են` արմավենու ճյուղի տեսքով Jumeirah-ը, Jebel Ali-ն, Deira-ը, և աշխարհի քարտեզի տեսքով The World արհեստական կղզիների կառուցումը։ Բացի այդ` Nakheel-ը պատրաստվում էր ուղիղ ծովի ափին կառուցել ամբողջովին նոր քաղաք, որն իր չափերով երկու անգամ գերազանցելու էր Հոնգ Կոնգին։ Այն նախատեսվում էր ավարտել 2018թ., որի ընդհանուր արժեքն այդ պահին կկազմեր 11,8 մլրդ դոլար։ Միայն հողատարածքը երեք տարի առաջ գնահատվել էր 4,2 մլրդ դոլար։ Այժմ ուղղակի պատկերացնել է պետք, թե ինչ կլինի, եթե այս բոլոր ծրագրերը դադարեցվեն. Դուբայը կհեղեղվի հարյուրհազարավոր օտարերկրյա աշխատողներով, որոնք, զրկվելով աշխատանքից, դժվար թե ցանկանան (կամ նույնիսկ հնարավորություն ունենան) լքել Էմիրությունը։ Եթե այս ամենին ավելանան նաև նավթի ցածր գները, ապա Դուբայն իրապես կհայտնվի ծանր կացության մեջ։
Այսպիսով, DW-ը ունի խիստ մեծ նշանակություն ոչ միայն Դուբայի տնտեսության զարգացման, այլև նրա գոյության հարցում։ Վերջին հաշվով, Դուբայի հրաշքն ու DW-ի հաջողությունները դարձել էին զարգացման փարոս զարգացող երկրների համար։ Մի կողմից` Դուբայի կայունությունն ու զարգացումը նշան էին զարգացած երկրների համար, որ զարգացող երկրներում կարելի է ոչ միայն իրականացնել ներդրումներ, այլև հասնել զգալի հաջողությունների։ Մյուս կողմից` DW-ի օրինակը ցույց էր տալիս, որ էներգակիրներն զարգացման համար ամենևին էլ անհրաժեշտ առաջնային ռեսուրսը չեն։ Հանձին Dubai World-ի` վտանգված է ոչ միայն Դուբայի տնտեսությունը, այլև զարգացման մի ամբողջ մոդելի կենսունակության գաղափարը։
Ո՞Վ ԿՓՐԿԻ ԴՈՒԲԱՅԸ ԵՎ ԻՆՉ ԳՆՈՎ
DW-ը հիմնականում պատկանում է Էմիրության միապետին, և Դուբայի շեյխը նրա հետ էր կապում վերջինիս զարգացման գրեթե բոլոր հեռանկարները։ Այնուամենայնիվ, չարաբաստիկ հայտարարությունից օրեր անց Դուբայի ֆինանսների նախարար Աբդուլռահման ալ Սալեհը հայտարարեց, որ Էմիրության կառավարությունը պատասխանատու չէ DW-ի պարտավորությունների համար։ Ըստ որոշ կանխատեսումների` Դուբայի պետական ընկերությունների պարտքերը կարող են գերազանցել 100 մլրդ դոլարը, ինչն ավելին է, քան երկրի ամբողջ ՀՆԱ-ն։ Արձագանքելով վերոնշյալ թվերին` համաշխարհային շուկաներում զգալիորեն բարձրացան այն պետությունների պարտքերի ապահովագրման վճարները, որոնց մոտ պետական պարտքը գերազանցում է կամ խիստ մոտ է ՀՆԱ-ի արժեքին։
Իր ձեռքերը շտապեց լվանալ նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Դեկտեմբերի 2-ին ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Մասուդ Ահմեդը հայտարարեց, որ ԱՄՀ-ն չի պատրաստվում որևէ ֆինանսական օժանդակություն ցուցաբերել DW-ին։ Պատճառը պարզ է. անհրաժեշտության դեպքում ընկերությունը կարող է վաճառել իր սեփականության տակ գտնվող ակտիվների որոշ մասըª պարտքերը վճարելու համար։
Իրավիճակը մեղմելու միակ արդյունավետ քայլն իրականացրեց ԱՄԷ-ի կենտրոնական կառավարությունը, մասնավորապես` Աբու Դաբիի Էմիրությունը։ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկը հայտարարեց, որ պատրաստ է օժանդակել DW-ին պարտքերը մարելու հարցում, սակայն ոչ ամբողջությամբ։ Իսկ նման պատրաստակամության պատճառը, թերևս, այն էր, որ Աբու Դաբիի ընկերություննեը զգալի նեդրումներ ունեն DW-ում։ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի պահանջով բոլոր տեղական բանկերը պետք է հայտնեն DW-ին տրամադրված վարկերի մասին։ ԱՄԷ-ի Կենտրոնական բանկի հայտարարությունը մասամբ հանդարտեցրեց բորսաների խուճապը, ինչի արդյունքում ասիական շուկաներն աճեցին մոտ 5%-ով։
Այնուամենայնիվ, Աբու Դաբիի հավանական օգնությունը պատճառաբանված չէ միայն եղբայրասիրական մղումներով։ Նախ` Դուբայի սնանկացումը խիստ բացասական ազդեցություն կունենա Էմիրությունների միջազգային վարկանիշի վրա։ Ֆինանսավորելով Դուբային` այժմ դաշնային կառավարությունը հնարավորություն է ունենում ուժեղացնել իր ազդեցությունն «ըմբոստ» էմիրության վրա և անգամ իրականացնել «անառակ որդու վերադարձը գործողությունը»։ Հետայսու Աբու Դաբին կարող է պահանջել Դուբայից վերադառնալ իսլամական խիստ կանոններին թե՜ տնտեսության և թե՜ հասարակության կազմակերպման հարցերում։ Այս դեպքում անշուշտ կթուլանա Դուբայի ազդեցությունը թե՜ ԱՄԷ-ի ներքին կյանքում և թե՜ արտերկրում, ինչի արդյունքում Աբու Դաբին կստանձնի միանձնյա առաջատարի դերը։ Ամենայն հավանականությամբ հարցը կունենա նաև քաղաքական ենթատեքստ։ Գաղտնիք չէ, որ Աբու Դաբին փորձում է դիրքավորվել ԱՄՆ տարածաշրջանի թիվ մեկ դաշնակցի դերում՝ մրցակցելով Սաուդյան Արաբիայի հետ։ Իսկ Դուբայի չափազանց սերտ և «ոչ թափանցիկ» կապերը Իրանի հետ ամենևին էլ չեն ուրախացանում ո՜չ Աբու Դաբիին և ո՜չ էլ Վաշինգտոնին։ Խուսափելով դեֆոլտից` Դուբայը կարող է կորցնել իր անկախությունը։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ
Այսպիսով, Դուբայի դեպքը հաստատեց այն փաստը, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում աշխարհի և ոչ մի երկիր, ինչքան էլ այն գտնվի բարենպաստ միջավայրում, չի կարող զերծ մնալ համընդհանուր աղետից։ Սակայն Դուբայի ճգնաժամը կարող է ունենալ խոր հետևանքներ առաջին հերթին զարգացող երկրների համար, քանի որ այն առաջացնում է անառողջ սպասումներ արևմտյան ընկերությունների մոտ՝ կապված առաջինների շուկաների զարգացման հետ։ Մյուս կողմից` Դուբայի ճգնաժամը, ի տարբերություն ԱՄՆ-ը և Եվրոպան ցնցած բանկային, ֆինանսական և արդյունաբերական հսկաների սնանկացումների հետ համաշխարհային տնտեսության համար զգալի վտանգ չի ներկայացնում:
Հաբեթ Հ. Մադոյան
Business Class N5(17) ԴԵԿՏԵՄԲԵՐ
If you would like to make a comment, please fill out the form below.
You must be logged in to post a comment.
Recent Comments