ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԸ` ՇԱՀՈՒՅԹԻ ԱՂԲՅՈՒՐ

By admin | Jan 26, 2010

ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Ազատ շուկայի կողմնակիցներից շատերի համոզմամբ` բիզնեսի միակ նպատակը շահույթն է։ Մինչդեռ հակառակ կողմը պնդում է, որ հասարակության նկատմամբ բիզնեսը կրում է որոշակի պատասխանատվություն՝ առաջ քաշելով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) գաղափարը։ Սակայն, ճշմարտությունն այլ է. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, դառնալով ընկերությունների ռազմավարական զարգացման կարևոր տարրերից մեկը, հնարավորություն է ընձեռում ավելացնել շահույթը և տալիս է լրացուցիչ մրցակցային առավելություններ` միևնույն ժամանակ լուծելով բազմաթիվ սոցիալական, բնապահպանական հարցեր։

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Առաջին հայացքից սոցիալական, բնապահպանական խնդիրների լուծումը պետության խնդիրն է։ Չէ՞ որ մասնավոր հատվածը վճարում է հարկեր, գործում է գրված օրենքների սահմաններում, իսկ պետությունը, հարկերի հաշվին ձևավորելով եկամուտներ, իր հերթին պարտավոր է լուծել հասարակության առաջ ծառացած խնդիրները։ Սակայն արի ու տես, որ նույնիսկ ամենազարգացած ազատական շուկաներ ունեցող երկրներում բիզնեսը դուրս է գալիս օրենքով սահմանված պարտավորությունների շրջանակիցª իրականացնելով տարբեր բնապահպանական, սոցիալական, բարեգործական ծրագրեր։ Այսպիսով, եթե նախկինում ենթադրվում էր, որ ընկերությունները պատասխանատու էին միմիայն իրենց բաժնետերերի առջև, ապա այժմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի ձևավորմամբ` նրանց շահառուների ցանկն ընդլայնվում է` ներառելով հասարակությանը, սպառողներին, մատակարարներին, մրցակիցներին, շրջակա միջավայրը և այլն։

Աշխարհում այսօր ձևավորվում է հստակ պահանջարկ պատասխանատու, էթիկական, բնապահպանական արտադրանքի նկատմամբ, ինչն էլ իր հերթին ստիպում է ընկերություններին իրականացնել ԿՍՊ քաղաքականություն։

2000թ. մեկնարկած «Կիմբերլիի գործընթացը» նպատակ ուներ կասեցնել Աֆրիկայից «արյունոտ ադամանդների» (երբ վաճառքներից ստացված գումարներով ֆինանսավորվում են քաղաքացիական բախումները տարածաշրջանում) արտահանումն ու վաճառքը։ Դրանից հետո գործընթացին մասնակից պետությունները պահանջում են ադամանդի հումք վաճառող արտադրողներից ունենալ ծագման հատուկ սերտիֆիկատ, որը կվկայի նրա «ոչ կոնֆլիկտային» լինելը: Այս քայլի միջոցով ոչ միայն իրականացվում է զարգացած երկրների «խաղաղություն աշխարհին» սուրբ առաքելությունը, այլև հնարավորություն է տրվում բարոյական սպառողներին վստահ լինել, որ իրենց ծախսած փողերը չեն նպաստելու արյունահեղությանը։ Նույն կերպ առաջ են գալիս «սոցիալապես պատասխանատու» մի շարք ապրանքների` արմավենու յուղի, ձկնամթերքի և այլնի գաղափարները։

Այսպիսով, ժամանակակից աշխարհում առաջ է գալիս բիզնեսի սոցիալականացման անհրաժեշտությունը։ Միայն պետության, օրենքի թույլտվությունն այլևս բավարար չէ գործարարության համար։ Բիզնեսին արդեն անհրաժեշտ է գործունեության «արտոնագիրը» ստանալ նաև հասարակությունից։

THE BUSINESS OF BUSINESS IS BUSINESS

Դեռևս 1970թ. իր «Կապիտալիզմ և անկախություն» գրքում Միլթոն Ֆրիդմանը ԿՍՊ-ն անվանեց ազատ հասարակության «հիմքերը քայքայող տեսություն»։ Ֆրիդմանի կարծիքով` «Բիզնեսն ունի մեկ և միայն մեկ սոցիալական պատասխանատվություն. օգտագործելով ռեսուրսները` զբաղվել այնպիսի գործունեությամբ, որն ավելացնում է շահույթը` միևնույն ժամանակ հետևելով խաղի կանոններին, այսինքն` բաց և ազատ մրցակցություն՝ առանց խաբեբայության և կեղծիքների։ Սակայն ԿՍՊ-ն ընդամենը բարի կամքի դրսևորում չէ, առավելևս երբ այն ստանում է ռազմավարական բնույթ: Ռազմավարական ԿՍՊ-ի միջոցով ընկերություններն ստեղծում են գործունեության համար բարենպաստ միջավայր և ապահովում երկարաժամկետ զարգացման լայն հնարավորություններ։ «Կաթի մթերման ոլորտում իրականացվող ԿՍՊ միջոցառումները փոխադարձ շահավետ են թե՜ մեր և թե՜ ֆերմերների համար։  Սեփական ներդրումներով ընկերությունը դեռևս 2001թ. Հայաստանի մի շարք մարզերում, հատկապես սահմանամերձ գոտիներում ձևավորել է կաթի մթերման կայաններ (Սիզավետ, Պրիվոլնոյե, Ճամբարակ, Շորժա, Գորայք):Այս կայանների միջոցով ֆերմերները ստանում են իրենց արտադրանքի իրացման կայուն շուկա, հետևաբար նաև` եկամտի հաստատուն աղբյուր։ Միաժամանակ տեղերում ձևավորվում են նոր աշխատատեղեր: «Աշտարակ Կաթը» շահում է, քանի որ նման ճանապարհով հնարավորություն է ստանում պահպանել կաթի որակական հատկանիշները»,- ասում է «Աշտարակ Կաթ» ընկերության կորպորատիվ կառավարման հարցերով տնօրենի տեղակալ Նարինե Մելիքյանը։ Նման մթերման կայանների միջոցով  «Աշտարակ Կաթը» ապահովում է իր խոստումը՝ արտադրել կաթնամթերք տեղական անարատ կաթի հիման վրա, իսկ գյուղացին, ունենալով կայուն եկամտի աղբյուր, կառչում է իր հողից։ Ընկերությունն իրականացնում է նաև մի շարք այլ սոցիալական ծրագրեր, որոնց շնորհիվ ձեռք է բերում բարի համբավ և կորպորատիվ բարձր հեղինակություն՝ ապահովելով սպառողների կայուն բանակ։ «Աշտարակ-Կաթը» համոզված է, որ սոցիալական պատասխանատվության հաջողությունը ոչ թե այդ ուղղությամբ կատարված ներդրումների քանակական մեծության, այլ կոնկրետ ծրագրից ստացվող արդյունքների մեջ է: «Աշտարակ Կաթն» իրականացնում է նաև մի շարք այլ սոցիալական ծրագրեր, որոնք անմիջական կապ չունեն իր գործունեության հետ։ Պատճառը որքան պարզ, այնքան էլ կարևոր է. բարձր արտագաղթի պայմաններում կրճատվում է նաև կաթնամթերքի շուկան։

«ԿՍՊ սկզբունքների ներդրումն ու հետևողական իրականացումը ձևավորում է ընկերության համար կայուն դրական իմիջ։ Շատ հաճախ պայմանագրեր կնքելիս, վարկեր տրամադրելիս հաշվի են առնում ընկերության հաջողությունները ԿՍՊ ոլորտում։ Որոշ դեպքերում ընկերության բաժնետոմսերն ու շուկայական արժեքը գնահատվում են` ելնելով նրա վարած ԿՍՊ քաղաքականությունից»,- ասում է GeoProMining Gold ընկերության Հանրության հետ կապերի և ԿՍՊ գործադիր Ռուզաննա Գրիգորյանը։ GPM ընկերությունների խմբի սոցիալական ծրագրերի միջոցով մասնավորապես Ագարակի հիվանդանոցին ցուցաբերվում է ֆինանսական աջակցություն, իրականացվում է Ագարակ և Մեղրի քաղաքների ջրամատակարարման համակարգերի բարելավումը և այլն։ Գնահատելով ԿՍՊ-ի դրական արդյունքները ընկերության համար` Ռ. Գրիգորյանը փաստում է. «Նախ` հնարավորություն ենք ստանում գրավել և պահել բարձր մասնագիտական ունակություններով օժտված կադրեր։ Երկրորդ` արտասահմանյան մեր գործընկերներն ավելի մեծ պատրաստակամությամբ են աշխատում սոցիալապես պատասխանատու ընկերության հետ։ Եվ վերջապես` ԿՍՊ-ի միջոցով ընկերության շուրջ ձևավորվում է սոցիալական բարեկեցություն գոտ»։

Ի վերջո, ընկերությունները ինչո՞ւ պետք է իրականացնեն ԿՍՊ: Կամ պե՞տք է արդյոք նրանք հաշվի առնեն իրենց ակնկալիքները շահույթի ավելացման մասով: «Սթար» սուպերմարկետների ցանցի հասարակայնության հետ կապերի և սոցիալական ծրագրերի պատասխանատու Մարիամ Հարությունյանը այս հարցին հետևյալ պատասխանն է տալիս. «Յուրաքանչյուր քիչ թե շատ խոշոր և նորմալ ընկերություն պետք է հաշվետու լինի հասարակության առաջ, այսինքն` զբաղվի ԿՍՊ-ով, որը նաև կարող է երկարաժակետ հատվածում բարձրացնել ընկերության շահութաբերությունը: Բայց անգամ եթե այն դրականորեն չի ազդելու շահույթների մեծության վրա, միևնույնն է, պետք է զբաղվել դրանով, որովհետև դա ճիշտ է»: Ի դեպ, ՙՍթարի՚ ԿՍՊ-ն հետևյալ հիմնական ուղղվածություններն ունի` բնապահպանություն, կրթություն, սպորտ և հաշմանդամ երեխաներ: Իսկ իրականացված քայլերը հանդես են գալիս բարեգործական և հովանավորչական նախաձեռնությունների տեսքով: Օրինակ` ընկերությունը ծրագրում է ֆինանսական աջակցություն տրամադրել զոհված ազատամարտիկների երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցի աշակերտներին: Մեկ այլ ծրագրի շրջանակներում ամեն տարի մայիսին ցանցի մեջ մտնող սուպերմարկետներում իրականացվում  է հանգանակություն, որի արդյունքում հավաքված գումարն ընկերության կողմից կրկնապատկվում է և ուղղվում լեյկեմիայով հիվանդ երեխաների բուժման նպատակներին:

Այսպիսով ռազմավարական ԿՍՊ-ն հնարավորություն է տալիս ընկերություններին ձեռք բերել լրացուցիչ մրցակցային առավելություններ, ստանալ գործունեության համար անհրաժեշտ հասարակության «բարին», իսկ երկարաժամկետ կտրվածքում այնպիսի ոչ նյութական ակտիվներ, ինչպիսիք են բարի համբավն ու հեղինակությունը, և վերջապես վերածել այդ ամենը շոշափելի ֆինանսական ցուցանիշների։ Սակայն միշտ անհրաժեշտ է հիշել, որ ԿՍՊ-ն այն չէ, թե ինչպես է բիզնեսը փող ծախսում, այլ այն, թե ինչպես է նա այդ փողն աշխատում։

ԻՆՉՈ՞Ւ ԼԻՆԵԼ ԱՎԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԿՍՊ-ն առավել քան արդիական է նաև զարգացող երկրներում, որտեղ նոր ձևավորվող պետական ինստիտուտները դեռևս ընդունակ չեն ամբողջովին լուծել հասարակության խնդիրները։ ՙՀայաստանն ունի բազմապիսի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Անարդար կլիներ այդ բոլոր խնդիրների լուծումը թողնել պետության ուսերին,-ասում է Հայաստանում ԿՍՊ աշխատանքային խմբի անդամ Բրիտանական խորհրդի(British Council) ծրագրերի ղեկավար Նազարեթ Սեֆերյանը:- ԿՍՊ-ն ուղղված է մասնավոր հատվածին երկրի խնդիրների լուծմանը ներգրավելուն՚։ Անշուշտ, բիզնեսը պետք է մասնակցի երկրում առաջացող խնդիրների լուծմանըª անկախ նրանից` այն իր պարտավորությունների շրջանակներում է, թե ոչ։ Սակայն ԿՍՊ սկզբունքների ներդրումը հիմնավորված չէ միայն ալտրուիզմով։ Այն լայն հնարավորություններ է տալիս իրականացնել թե՜ բիզնեսի և թե՜ պետության ու հասարակության զարգացման երկարաժամկետ ծրագրեր։

Առաջին հայացքից զարգացող երկրների հիմնական առավելությունը ստանդարտների ու սահմանափակումների ցածր նիշը կամ նույնիսկ բացակայությունն է։ Աշխատանքի, բնապահպանության, սոցիալական ցածր պահանջները ստեղծում են օտարերկրյա ներդրումների համար բավական գրավիչ միջավայր։ Ցածր ստանդարտների պայմաններում զարգացող երկրների թողարկած արտադրանքն ավելի էժան է և, հետևաբար, ավելի մրցունակ համաշխարհային շուկաներում։ Անշուշտ, բնական ռեսուրսների, աշխատուժի անխնա շահագործումը առավելություններ են զարգացած երկրների համեմատ, սակայն այս թվացյալ առավելությունը չի կարող ապահովել զարգացում երկարաժամկետ կտրվածքով։ Այս ճանապարհով շարժվող ցանկացած պետություն վաղ թե ուշ հայտնվելու է բնապահպանական և սոցիալական անլուծելի խնդիրների առաջ։ Այսպիսով առաջանում է կայուն տնտեսական զարգացման անհրաժեշտությունը, ասել է թե` պետք չէ ապրել ապագա սերունդների հաշվին։ Մյուս կողմից` եթե զարգացած աշխարհը ձգտում է բարձր ստանդարտների և պահանջում է սոցիալապես պատասխանատու բարիքներ, ապա զարգացող երկրները պետք է կարողանան ապահովել այն։

ՀԱՐՈՒՍՏԻ ՈՍԿԻՆ ՈՒ ԱՅՐԻ ԿՆՈՋ ԼՈՒՄԱՆ

Դեռևս երկու հազար տարի առաջ էր հայտնի դարձել, որ հարուստի ոսկին Սբ Պետրոսի անցակետում ունի ավելի փոքր արժեք, քան աղքատի լուման։ Այնուամենայնիվ, հարուստ մարդիկ շարունակում են զբաղվել բարեգործությամբ ոչ միայն խղճի հանգստության, այլև մարկետինգային և PR նպատակներով։ Բարեգործությունն իր հերթին ստեղծում է դրական հասարակական կարծիք ընկերության և, մասնավորապես, նրա արտադրանքի մասին։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ բարեգործության ազդեցությունը հաճախ ավելի մեծ է ընկերության ղեկավարիª բարեգործի, քան ընկերության իմիջի վրա։

Ընդհանրապես, բարեգործությունը, որն իրականացվում է ընկերության հիմնական գործունեության հետ կապ չունեցող ոլորտներում, ավելի շուտ դիտվում է որպես PR-ի մաս։ Իսկ այն բարեգործությունը, որը նպաստում է ընկերության ներքին կամ արտաքին միջավայրերի զարգացմանը և լուծում է նրա գործունեության ոլորտի խնդիրները, ընդունված է որակել որպես ռազմավարական բարեգործություն։ Այս դեպքում բարեգործությունը դառնում է ընկերության ԿՍՊ ռազմավարության մասերից մեկը և երկարաժամկետ կտրվածքով ապահովում է ընկերությանը լրացուցիչ շահույթ։ Եթե ընկերությունն ընտրել է բարեգործության երկրորդ տարբերակը, ապա մեծ հավանականությամբ` նրա որդեգրած քաղաքականությունը կունենա ավելի երկարաժամկետ բնույթ։ «Տնտեսական ճգնաժամի պայմաններում այն ընկերությունները, որոնց բարեգործությունը չի ունեցել ռազմավարական բնույթ, կսկսեն կրճատել հատկացվող գումարները,- ասում է CSR International ընկերության տնօրեն Վեյն Վիսսերը:- Ռազմավարական բարեգործության սկզբունքներով առաջնորդվող ընկերություններն ավելի քիչ հակված կլինեն դա անելու, քանի որ բարեգործության ծավալների կրճատումից կարող են տուժել հենց իրենք»։

Իր բնույթով, ռազմավարական բարեգործությունը չի հակասում նույնիսկ Ֆրիդմանի առաջ քաշած այն դրույթին, որ ընկերությունն իրավունք չունի իր բաժնետերերին պատկանող գումարները ծախսել ուրիշների համար։ Իսկապես, միգուցե ավելի ճիշտ կլինի, որ ընկերությունները, ասենք, բարեգործության նպատակով հատկացվող գումաների հաշվին բարձրացնեն աշխատողների աշխատավարձերը, իսկ վերջիններս էլ արդեն կորոշեն, թե ինչ բարեգործական ծրագրերի վրա կարելի է գումար ծախսել։ Վերջին հաշվով` փաստ չէ, որ ընկերություններն ավելի արդյունավետ բարեգործներ են, քան անհատները։

Անշուշտ, չի կարելի նվազեցնել բարեգործության դերը հասարակության սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Սակայն բարեգործությունն այս դեպքում հարուստ անհատների խնդիրն է, իսկ բիզնեսները պարտավոր են իրենց դրամական միջոցներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ թե՜ հասարակության և թե՜ հենց իրենց համար։

ՍԱՌՈՒՅՑՆ ԱՐԴԵՆ ՇԱՐԺՎԵԼ Է

Արդեն երկու տարի է` Հայաստանում գործում է ԿՍՊ աշխատանքային խումբը, որի անդամներն են միջազգային 4 կազմակերպություններª Բրիտանական խորհուրդը, Հայաստանի Ամերիկյան առևտրի պալատը, Եվրասիա համագործակցության հիմնադրամն ու Միացյալ Ազգերի զարգացման ծրագիրը (UNDP): Իր գործունեության երկու տարվա ընթացքում աշխատանքային խումբն իրականացրել է բազմաթիվ սեմինարներ` արտասահմանից հրավիրված ԿՍՊ մասնագետների մասնակցությամբ։ «Եղել են դեպքեր, երբ մեր կազմակերպած սեմինարներից հետո մասնակիցները ինչ-որ չափով սկսել են ներդնել ԿՍՊ սկզբունքներն իրենց ընկերություններում։ Նման դեպքերը դեռ շատ չեն, սակայն զգացվում է աճի որոշակի միտում։ Բացի վերոնշյալից, հիմա իրականացնում ենք սոցիալական ծրագրեր «Մայքրոսոֆթի» և «Բիլայնի»  հետ»,- ասում է Ն. Սեֆերյանը։

Այսօր բազմաթիվ հայկական ընկերություններ միացել են ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրին։ Ընկերությունները պարբերաբար ներկայացնում են հաշվետվություններ, որոնցում արծածված են նրանց իրականացրած սոցիալական ծրագրերի արդյունքները, ու հավաստում են իրենց հետևողականությունը Գլոբալ համաձայնագրի 10 հիմնարար սկզբունքներին։ Գլոբալ համաձայնագիրը ընկերությունների սոցիալական քաղաքականությունը դարձնում է ավելի թափանցիկ հանրության համար։ Միգուցե ուսումնասիրելով հաշվետվությունները` քաղաքացին հետագայում հաշվի կառնի այն ապրանքների կամ ծառայությունների, ինչպես նաև գործընկերների ընտրության ժամանակ։ Սակայն այս պարագայում ևս «թացը չորից ջոկելու» պարտավորությունը դրված է սպառողի վրա։

Հայաստանում ԿՍՊ-ի ճիշտ ընկալման, ինչպես նաև տարածման հարցերը դեռևս մնում են բավական վատթար վիճակում: Իհարկե, այստեղ գլխավոր դերակատարը բիզնեսն է, մասնավոր հատվածը, սակայն շատ բան ունի անելու պետությունը, ինչպես նաև լրատվամիջոցները: Պետությունը հիմնականում կարող է սահմանել հարկային որոշակի արտոնություններ: Լրատվամիջոցներն իրենց հերթին պետք է հնարավորինս իրենց ուշադրության կենտրոնում պահեն այս կարևոր հարցը:

Հաբեթ Հ. Մադոյան

Business Class N5(17) ԴԵԿՏԵՄԲԵՐ

Comments are closed.

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են