«ԵՐԿՆԱՅԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

By admin | May 16, 2010

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ԶԱՐՄԱՑՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ ԻՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔՈՎ

«Անցիր գետը` շոշափելով հատակի քարերը, որոնց վրա կարող ես ոտք դնել»,- այսպես էր ասում Չինաստանի բարեփոխումների հեղինակ Դեն Շաոպինը: Այս պարզ գաղափարն է ընկած շուրջ 30 տարի առաջ սկսված չինական բարեփոխումների հիմքում: Բարեփոխումների տրամաբանությամբ` պետք չէ վախենալ անհաջողություններից, անհրաժեշտ է փորձել, ստացվելու դեպքում` անցնել առաջ, հակառակ դեպքում` փնտրել նոր ճանապարհ: Հետևաբար, բարեփոխումները չեն ենթադրում, որ անհրաժեշտ է հինը միանգամից և ամբողջովին փոխել նորով: Բարեփոխումներն իրականացվում են քայլ առ քայլ` առանց հասարակությանը մեծ շոկի ենթարկելու: Այս ճանապարհով է այսօր «երկնային» կայսրությունը փորձում հասնել տնտեսական զարգացման բարձր ցուցանիշների, ինչպես նաև ձևավորել այդքան սպասված երկրորդ բևեռը:

ԴԵՆՇԱՈՊԻՆՅԱՆ ՁԵՌԱԳԻՐ

Անշուշտ, Չինաստանի հիմնադիրն է համարվում պոետ, փիլիսոփա, մեծ հեղափոխական Մաո Ցզեդունը: Եվ իզուր չէ, որ վերջինս ընդգրկված է 20-րդ դարի ամենահեղինակավոր անձանց ցանկում: Իր գործունեությամբ Մաոն ավելի շատ նման է Ստալինին` անձի պաշտամունք, պայքար հակահեղափոխական ուժերի դեմ, մշակութային հեղափոխություն և այլն: Այնուամենայնիվ, այսօրվա Չինաստանի զարգացումն ու հաջողությունները հիմնականում պայմանավորված են մեկ մարդու` Դեն Շաոպինի իրականացրած բարեփոխումներով: Զբաղեցնելով մի շարք բարձրաստիճան պաշտոններ` Դենը, այնուամենայնիվ, կասկածի տակ է դնում հասարակության և տնտեսության կազմակերպման այդ ժամանակվա մոտեցումները: Նա վստահ էր, որ երկրի բարեկեցության ամրապնդման համար անհրաժեշտ է ձևավորել սոցիալիստական շուկայական տնտեսություն` անհրաժեշտ պայմաններ ստեղծել օտարերկրյա ներդրումների համար և ապահովելով մասնավոր հատվածի զարգացումը: Խոսելով կապիտալիզմ թե կոմունիզմ երկընտրանքի մասին` Դենն ասում է. «Ինձ համար միևնույն է` կատուն սև է, թե սպիտակ, քանի դեռ մուկ է բռնում»: 1966թ. Դենին զրկում են բոլոր պաշտոններից և ուղարկում տրակտորների գործարան` աշխատելու որպես բանվոր: Ելնելով երկրում ստեղծված բարդ քաղաքական իրավիճակից` 1974թ. Մաոն ստիպված է լինում վերադարձնել Դենին մեծ քաղաքականություն: Մաոյի մահից հետո Դենն ստիպված է լինում ևս մեկ անգամ պայքարել իր բարեփոխումների համար արդեն Մաոյի հետնորդների խմբի դեմ: Այս անգամ նույնպես Դենը կարողանում է հասնել հաջողության և երկրի կառավարման առանցքային պաշտոններին նշանակում է իր գաղափարակիցներին: Ստանալով ամբողջական իշխանություն` Դենն սկսում է տնտեսական և հասարակական բարեփոխումների ամբողջական գործընթացը: Սակայն ի տարբերություն սոցիալիստական այլ երկրների (մասնավորապես ԽՍՀՄ-ի) բարեփոխումների` Դենը չգնաց համակարգը շուկայականով փոխարինելու ճանապարհով: Շուկան ոչ թե փոխարինեց, այլ կցվեց համակարգին: Գյուղատնտեսության ոլորտում թույլատրվեց մասնավոր գործարարությունը, ըստ որի` գյուղացին ինքն էր իր արտադրանքն առաջարկում շուկային: ժամանակի ընթացքում սկսեց նվազել նաև պետական հատվածի կշիռը, զարգացում ստացավ մասնավոր ձեռներեցությունը: Ձեռնարկություններին և ընկերություններին թույլատրվեց ներդնել աշխատանքի խրախուսման սեփական համակարգը և նույնիսկ օգտագործել ձևավորված շահույթի որոշ մասը: Դենը խրախուսում էր Չինաստանի ներգրավումը համաշխարհային տնտեսական համակար գին: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Չինաստանի հարավում ստեղծվում են մի շարք ազատ տնտեսական գոտիներ, և սկսվում է ներմուծման մաքսադրույքների պարբերական իջեցման քաղաքականությունը:

Նշանակալի էին նաև Դենի հաջողություններն արտաքին քաղաքականության, հատկապես Չինաստանի վերամիավորման հարցում: Կապիտալիզմին սովոր Հոնգ Կոնգը Չինաստանին միացնելու համար Դենն առաջ է քաշում «մեկ պետություն, երկու համակարգ» սկզբունքը: 1984թ. չինա-բրիտանական բանակցությունների ընթացքում որոշվում է Հոնգ Կոնգը Չինաստանին փոխանցելու հարցը: Ըստ այդմ` 1997թ. Հոնգ Կոնգն անցնում է Չինաստանին, սակայն ևս 50 տարի այն պահպանելու է տնտեսության և հասարակության կազմակերպման կապիտալիստական սկզբունքները: Առաջնորդվելով նույն սկզբունքներով` Չինաստանն իրեն է միացնում նաև Մակաոն, իսկ այսօր բանակցում է Թայվանի հետ: Եվ վերջապես, Դենը խախտում է կոմունիստական առաջնորդների հիմնական սկզբունքներից մեկը. 1992թ.` դեռևսիր կենդանության օրոք, նա հեռանում է քաղաքականությունից ու լքում պետական պաշտոնները:

ՊԵԿԻՆՅԱՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ

Չինական զարգացման տեսությունը մշտական հրճվանքի առարկա է բոլոր այն մարդկանց համար, որոնք հավատում են զարգացման երրորդ ճանապարհի գոյությանը: Ասել է թե` ո°չ կապիտալիզմ և ո°չէլ սոցիալիզմ, այլ մի ուղի, որը վերցնում է այս երկուսի լավագույն կողմերը: Սակայն Չինաստանն ինքը մեծ զգուշությամբ է մոտենում չինական զարգացման գաղափարին: Ելույթ ունենալով Եվրամիության հետ կապերին նվիրված համաժողովին` չինացի գիտնական Լի Ցզյունժուն հայտարարեց, որ չինական զարգացման մոդել իրականում գոյություն չունի, այդ ամենը հնարել է Արևմուտքը: Լին մասնավորապես ասում էր, որ չկա զարգացման մոդել, քանի որ հիմնական հասարակական համակարգերն ու ինստիտուտները դեռևս կայացման փուլում են, հետևաբար, չինական մոդելի փոխարեն ավելի ճիշտ կլիներ օգտագործել չինական առանձահատկություններ եզրույթը:

1989թ. ամերիկացիների կողմից առաջ քաշվեց զարգացման նոր մոտեցում՝ «Վաշինգտոնյան կոնսենսուս», ինչը ենթադրում էր զարգացող երկրների կողմից շուկաների առավելագույն ազատականացում: Սակայն ոչ բոլոր երկրներն ընտրեցին այս ուղին, իսկ ընտրողներն էլ հիմնականում մատնվեցին անհաջողության: 2004թ. նորից Արևմուտքում առաջ քաշվեց «Պեկինյան կոնսենսուսի» (ՊԿ) գաղափարը, որով և պետք է սահմանվեին չինական զարգացման առանձահատկությունները: ՊԿ հիմնաքարերից մեկը նորարարական տնտեսության ձևավորումն է: Այս տեսությունը մերժում է այն ենթադրությունը, որ զարգացող երկրները նորարարությունները պետք է իրականացնեն փուլ առ փուլ` սկսելով ամենաներքևից: Ասել է թե` պղնձալարերով կապ ապահովելու փոխարեն` անհրաժեշտ է միանգամից անցնել օպտիկամանրաթելին: Այսինքն` Չինաստանը չի պատրաստվում սպասել, երբ նոր տեխնոլոգիաները, Արևմուտքում հնանալով, մուտք կգործեն Չինաստան: Անշուշտ, Չինաստանն օգտագործում է իր ամենակարևոր առավելություններից մեկը` էժան աշխատուժը, սակայն հասկանալով, որ երկարաժամկետ կտրվածքով միայն դրա հաշվին երկար չես կարող ապրել` անցնում է առավել արտադրողականությամբ տեխնոլոգիաների ներդրման տնտեսության բոլոր ճյուղերում: 2002թ. Չինաստանի կոմունիստական կուսակցության քարտուղար Ձյան Ձեմինը իր 90-րոպեանոց ելույթում 90 անգամ օգտագործեց «նոր» բառը: Նորը դառնում է Չինաստանում պաշտամունքի առարկա: Դա է վկայում նաև մեկ պարզ վիճակագրությունը. եթե 1982թ. Չինաստանի մարզային ղեկավարության ընդամենը 20%-նուներ բարձրագույն կրթություն, ապա 2002թ. այս ցուցանիշն արդեն կազմում էր 98%:

Չինական զարգացման մյուս կարևոր հիմնաքարը կայուն և արդար տնտեսության ձևավորումն է: Եթե մինչև տնտեսական բարեփոխումները աղքատության աստիճանը Չինաստանում կազմում էր 64%, 2004թ. այս ցուցանիշն արդեն կազմում էր 10%: Ժամանակի ընթացքում Չինաստանում դադարում են զարգացումը բնութագրել միայն ՀՆԱ-ի աճով. սկսում են օգտագործվել «Կանաչ ՀՆԱ», «Թափանցիկ ՀՆԱ» եզրույթները: Այժմ Չինաստանում մեծ ուշադրություն են սկսել դարձնել բնապահպանական, սոցիալական անհավասարության խնդիրներին: Չինաստանը բռնում է կայուն տնտեսական զարգացման ուղին:

«Պեկինյան կոնսեսուսի» վերջին, սակայն ոչ պակաս կարևոր մասը արտաքին հարաբերություններն են: Ինտեգրվելով միջազգային հանրությանը` Չինաստանը ձգտում է պահպանել իր ինքնուրույնությունը, ավելին` ստանձնում է համաշխարհային գերտերության երկրորդ բևեռը ձևավորելու առաքելությունը: Իրականացնելով հսկայական ներդրումներ զարգացող երկրներում` ժամանակի ընթացքում Չինաստանը փոխում է աշխարհի պատկերացումներն իր մասին` «չինական վտանգը» սահուն վերածելով  «չինական հնարավորությունների»:

ՔԱՐԵՐ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

19-րդ դարի սկզբում, երբ Արևմուտքում թափ էր առնում արդյունաբերական հեղափոխությունը, և կար աշխատուժի նկատմամբ մեծ պահանջարկ, Չինաստանում ապստամբություններ էին, աղքատություն և սով: Արդյունքում սկսվեց չինացիների արտագաղթը դեպի Եվրոպա և Նոր աշխարհ: Այսօր բացարձակ ցուցանիշներով Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ սփյուռքը` գրեթե 40 մլն մարդ: Երբ Չինաստանն սկսեց տնտեսական բարեփոխումները, և օտարերկրյա ներդրումների պահանջ զգացվեց, չինական սփյուռքն առաջին արձագանքողն էր: Ներդրումները հիմնականում սկսեցին գալ Հարավարևելյան Ասիայի երկրներից` Հոնգ Կոնգ, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա և այլն, որտեղ արդեն իսկ ձևավորվել էր բավական ազդեցիկ չինական համայնք: Տարբեր հաշվարկներով` չինացիներին է պատկանում Թաիլանդի և Մալայզիայի մասնավոր կապիտալի 80%-ը, Ինդոնեզիայի 70%-ը, Ֆիլիպինների 50%-ը: Ընդհանուր առմամբ, Չինաստան մտնող օտարերկրյա ներդրումների մինչև 75%-ը բաժին է ընկնում չինական սփյուռքին: Այնուամենայնիվ, Չինաստանում նպատակահարմար չեն գտնում խոսել սփյուռքի ներդրումների մասին` ենթադրելով, որ թվերը կարող են խնդիրներ առաջացնել չինական փոքրամասնությունների համար:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) տեսակետից Չինաստանն այսօր գտնվում է ամենաբարենպաստ դիրքերում: 1998-2008 թթ. ՕՈՒՆ-երի ընդհանուր ծավալն աճել է 238%-ով, այնպես որ, 2008թ. Չինաս տանը երրորդն էր աշխարհում` 108 մլրդ դոլար կամ համաշխարհային ՕՈՒՆ-երի ընդհանուր ծավալի 6%-ը: Ընդհանրապես ՕՈՒՆ-երի ներգրավման քաղաքականությունն իրականացնելիս Չինաստանը հետևում էր Դենի` «գետն անցնելու» խորհուրդներին: Բարեփոխումների նախնական փուլում օտարերկրյա ներդրողներին թույլատրվում էր գործունեություն իրականացնել միայն հատուկ տնտեսական գոտիներում, ինչպես նաև տնտեսության առանձին ճյուղերում: Օտարերկրյա ներդրումների իրական բումը Չինաստանում սկսվեց 2001թ., երբ երկիրն անդամագրվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, և սկսվեցին տնտեսական բարեփոխումները: Մասնավորապես, օտարերկրյա ներդրողներին թույլատրվեց չինական ընկերություններում իրենց մասնաբաժինը հասցնել 51%-ի: Օտարերկրյա ներդրումների վրայից հանվեցին նաև աշխարհագրական, ճյուղային և մի շարք այլ սահմանափակումներ, օրինակ` այն պայմանը, որ ներդրումներ կարելի էր անել միայն արտահանող կամ բարձր տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններում: 2001-2008 թթ. Չինաստան իրականացվող ՕՈՒՆ-երի ծավալն աճում է միջինը տարեկան 13%-ով, այն դեպքում, երբ նույն ցուցանիշն ամբողջ աշխարհի համար կազմում է 7%: Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ օտարերկրյա ներդրումների ծավալների վրա: 2009թ. առաջին յոթ ամսվա տվյալներով` ՕՈՒՆ-երի ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազեցին` հուլիսին հասնելով ամենացածր մակարդակին` -36%: Օգոստոսից նույն ցուցանիշն սկսեց աճել` նոյեմբերին կազմելով` 32%: Ընդհանուր առմամբ, 2009թ. առաջին 11 ամիսներին ՕՈՒՆ-երի ընդհանուր ծավալը նվազել է նախորդ տարվա համեմատ մոտ 10%-ով:

ՔԱՐԵՐ ՆԵՏԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

2008թ. համաշխարհային ՕՈՒՆ-երի ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվեց 13%-ով, մինչդեռ Չինաստանի կողմից իրականացվող ՕՈՒՆ-երի ծավալը նույն տարվա ընթացքում աճեց 232%-ով: 2009թ. Չինաստանի համար եկավ քարեր նետելու ժամանակը: Ինչպես նշում են Չինաստանի պետական մարմինները, 2009թ. վերջնական արդյունքներով` պատմության ընթացքում առաջին անգամ Չինաստանից դուրս եկող ՕՈՒՆ-երի ծավալը կգերազանցի երկիր մտնող ՕՈՒՆ-երի ծավալը` կազմելով շուրջ 150 մլրդ դոլար: Չինաստանը, որը դեռ 30 տարի առաջ ուներ օտարերկրյա ներդրումների մեծ կարիք, այժմ դառնում է կապիտալ արտահանող պետություն: Տրամաբանությունը պարզ է. օգտվելով էժան աշխատուժի իր առավելությունից, իր տնտեսություն ներգրավելով արտասահմանյան ընկերություններին` Չինաստանը ժամանակի ընթացքում կարողացավ կուտակել զգալի կապիտալ միջոցներ: Չինաստանի համար եկամուտի խիստ կարևոր աղբյուր է արտահանումը: Այսպես, եթե 2004թ. Չինաստանի ընդհանուր արտահանումը կազմում էր 593 մլրդ դոլար, ապա 2009թ. այն արդեն հասել էր 1.2 տրլն-ի։ Այս ցուցանիշով Չինաստանը արդեն երկրորդն է աշխարհում (Եվրոմիությունից հետո), քանի որ ընդամենը այս տարվա հունվարի կեսերին հայտնի դարձավ, որ Չինաստանն արդեն առաջինն է։ Արտահանման աճի հետ մեկտեղ զգալիորեն աճում է նաև ներմուծումը, սակայն եթե 2004թ. զուտ արտահանումը կազմում էր 32 մլրդ, ապա 2009թ.` 273 մլրդ: Այսպիսով, ժամանակի ընթացքում  «հավաքելով քարերը», հեղեղելով աշխարհն էժան չինական արտադրանքով` այսօր Չինաստանն սկսում է «քարեր նետել»` ցանկանալով գնել աշխարհը:

Արտահանում իրականացնող չինական ընկերություններին օդի և ջրի պես անհրաժեշտ է մասնակցություն ունենալ արտադրության համաշխարհային ցիկլերին` սեփական տնտեսության զարգացումն ապահովելու համար: Չինաստանի օտարերկրյա ներդրումների զգալի մասը դեռևս բաժին է ընկնում Հոնգ Կոն գին, սակայն այն արդեն իր ներկայությունն ունի աշխարհի գրեթե բոլոր կետերում, որտեղ կան նավթ, գազ, նորագույն տեխնոլոգիաների կամ սպառման լայն շուկաներ կամ գոնե դրանց հեռանկարը: Չինաստանն արդեն ունի պայմանագիր Բրազիլիայի հետ, ըստ որի` այն կներդնի մոտ 10 մլրդ դոլար այս երկրի ազգային էներգետիկ ընկերության` Petrobras-ի մեջ: Լայնամասշտաբ ներդրումների ծրագրեր կան Վենեսուելայում, որտեղ Չինաստանն արդեն իսկ շահագործում է մի շարք նավթահորեր:

Չինաստանն իր 1.3 մլրդ բնակչությամբ աշխարհի ամենախոշոր շուկան է: Զարգացող տնտեսության պայմաններում չինացիներն անընդհատ կարիք են ունենալու միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխան արտադրանքի: Սակայն չինական ընկերությունները չեն պատրաստվում սահմանափակվել միայն տեղական արտադրությամբ կամ օտարերկրյա ընկերությունների ներմուծմամբ: Երբ 2009թ., ի թիվս այլոց, անկում էր ապրում նաև ավտոմեքենաների շուկան, սնանկ էին հայտարարվում մի շարք ավտոհսկաներ, Չինաստանի ավտոշուկան, ընդհակառակը, աճում էր: Նախորդ տարի Չինաստանի ավտոմեքենաների շուկան իր ծավալներով գերազանցեց ԱՄՆ-ին` դառնալով առաջինը աշխարհում: Չինաստանը հետ չմնաց այս ոլորտի զարգացման միտումներից, իսկ ճգնաժամն էլ հասավ օգնության: Երբ նախորդ տարվա դեկտեմբերին զգալի ֆինանսական դժվարությունների առաջ կանգնած Ford-ը հայտարարեց իր շվեդական «դստեր»` Volvo-ի վաճառքի մասին, չինական Geely ավտոարդյունաբերող ընկերությունն այն գնելու ցանկություն հայտնեց: Գործարքի արժեքը պաշտոնապես հայտարարված չէ, սակայն ըստ որոշ տվյալների` այն կազմելու է 1.8-2 մլրդ դոլար: Չնայած գործարքը դեռ պետք է ստանա երկու երկրների կառավարությունների հավանությունը, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Չինաստանը փորձելու է առավելագույնը քաղել տնտեսական ճգնաժամից` հաստատվելով համաշխարհային արդյունաբերության կարևոր ճյուղերում: Չինական ավտոարտադրող ընկերություններից մյուսը` BAIC-ը, 2009թ. ձեռք բերեց General Motors-ին պատկանող Saab-ի տեխնոլոգիաների մի մասը, ինչպես նաև Saab 9-3 և 9-5 մոդելների արտոնագրերը` Չինաստանում արտադրելու նպատակով:

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՎԵՐԸ

Երկար ժամանակ հրաշքների անսովոր արևմտյան հասարակությունը չէր ուզում ընդունել Չինաստանի գերտերության վերածվելու գաղափարը: Իսկապես, ինչպես կարող է մի երկիր, որը դեռևսունի աղքատության բարձր մակարդակ, որտեղ թույլատրված է ու կիրառվում է մահապատիժը, և գործում է ՙտոտալիտար՚ հասարակարգ, դառնալ գերտերություն: Սակայն վերջին շրջանում Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը սկսում են փոխել իրենց կարծիքը: Այսպես, ամերիկյան The Pew Research Centre հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող կենտրոնի 2009թ. նոյեմբերի հետազոտության արդյունքներով` ԱՄՆ բնակչության 44%-ը կարծում է, որ Չինաստանը տնտեսական գերտերություն է, այնինչ ընդամենը 27%-ի կարծիքով է ԱՄՆ-ը գերտերություն: Նշենք նաև, որ 2008թ. փետրվարի հետազոտության արդյունքներով` ամերիկացիների 41%-ը նախապատվությունը տալիս էր սեփական երկրին, և ընդամենը 30%-ը` Չինաստանին: Ամերիկացիների նման կարծիքը նաև կանխորոշում է նրանց մոտ բևեռների փոփոխության անհրաժեշտությունը: Նույն կենտրոնի կողմից ԱՄՆ հեղինակավոր Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամների միջև անցկացվող հարցումները ցույց են տալիս հետևյալ պատկերը. 2005թ. Չինաստանը նշվել էր նրանցից 31%-ի կողմից` որպես ՙԱՄՆ-ի ապագայի ամենակարևոր դաշնակից՚, 2009թ. այդպես են պատասխանել հարցվածների 58%-ը: Նշենք նաև, որ նույն ժամանակահատվածում Ճապոնիան նշածների թիվը կրկնակի նվա զել է` 32%-ից մինչև 16%: Այնուամենայնիվ, արևմտյան փորձագետների մի հոծ խումբ քննադատորեն է մոտենում Չինաստանի տնտեսության զարգացման հեռանկարներին` ամեն ինչ վերագրելով վիճակագրության հնարքներին, և գուժում է այս երկրի` Դուբայի ապագան կրկնելու վտան գի մասին: Սակայն նրանց հետ համաձայն չեն ամերիկացիների մեծամասնությունը, զարգացող երկրներն ու հենց իրենք` չինացիները: Եվ մինչ Արևմուտքը փորձում է հասկանալ և գնահատել չինական գործոնը, հա զարամյա ազգերին հատուկ հան դարտությամբ, շոշափելով հատակի քարերը, չինացիները փորձում են անցնել գետի մյուս ափը:

Հաբեթ Մադոյան

Business Class #18

2 Comments so far
  1. Վախթանգ Սիրադեղյան May 24, 2010 8:44 am

    Հետաքրքիր հոդված էր: Բայց նման հոդված մեկ անգամ ևս կարդալով` մտածում ես, որ դա մեզ համար չէ. այնքան հեռու է մեր իրականությունից: Եվ արտաքին մի նմանությունը` սոցիալիստական ճամբարի երկիր լինելու փաստն այստեղ կարող է ընդամենը շփոթեցնել: Մի խոսքով, մեր առանձնահատկություններն ուրիշ տեղում են: Մեզ Չինաստանի փորձը հաստատ ոչինչ չի կարող տալ: Դժբախտաբար:

  2. admin May 24, 2010 11:08 am

    Հարգելի Վախթանգ, շնորհակալություն մեկնաբանության համար։ Ասեմ, որ այս հոդվածի նպատակը այն չէ, որ մենք ինչ որ դասերը վերցնենք Չինաստանից։ Միակ իրական դասը որ կարող ենք վերցնել այն է, որ ամեն երկիր պետք է գնա իր ճանապարհով։ Մյուս կողմից, Չինաստանը արդեն վաղուց ձևավորված գերտերություն է, և կարծում եմ, ճիշտ կլինի որ մենք ավելի լավ հասկանանք այս երկրի պատմությունը, արժեքներն ու քաղաքականությունը։

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են