ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՌԵԿՈՐԴԸ

By admin | Mar 12, 2009

 

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ՌԵԿՈՐԴԸ

Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ

2008 թվականը հարուստ էր բազմապիսի ռեկորդներով։ Միևնույն օլիմպիադայի ընթացքում նվաճած ոսկե մեդալների քանակով ռեկորդ սահմանեց ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելպսը (8 ոսկե մեդալ)։ Առավել քան հաջողակ էր ֆրանսիացի Վալենտին Պասկուերը, որը 1 րոպեի ընթացքում հասցրեց 94 անգամ համբուրել իր ընկերուհուն՝ հավերժանալով Գինեսի Ռեկորդների գրքում մինչև նոր խելագարի հայտնվելը։ Սակայն թե° Ֆելպսի, թե° Պասկուերի ռեկորդները խամրում են 2008թ. նավթի գների սահմանած հաջորդական ռեկորդների առջև։

ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՑԱՆԿԱԼԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

Վերջին ժամանակներում սովորական են դարձել լրատվական միջոցների անընդհատ հայտարարություններն այն մասին, որ նավթի գները խփում են բոլոր ռեկորդները։ 2008թ. նոյեմբերի 18-ին NYMEX-ում հում նավթի բարելի ֆյուչերսի գինը կազմում էր 49,62 ԱՄՆ դոլար, ինչն ամենացածրն էր վերջին երեք տարվա ընթացքում։ Ընդ որում, դեռևս հուլիսին սահմանվել էր ռեկորդային բարձր գին՝ մոտ 140 դոլար, և երկու ռեկորդի պարզ համեմատությունն արդեն ցույց է տալիս, որ նավթի անընդհատ աճող գները 4 ամսվա ընթացքում ընկել են գրեթե 3 անգամ: OPEC-ի նավթային զամբյուղը նույնպես ուրախացնում էր ռեկորդներով։ Հոկտեմբերի 24-ին վերլուծաբանները սկսեցին հավաստել, որ սահմանվել է OPEC-ի նավթային զամբյուղի համար ռեկորդային ցածր գին՝ 57,57 դոլար: Գների նման անկումը OPEC-ի նախարարներին ստիպեց հավաքվել արտահերթ հանդիպման, որի ընթացքում որոշվեց կրճատել նավթի օրական արտադրությունը 1,5 մլն բարելով։ Որոշումն ուժի մեջ մտավ նոյեմբերի 1-ին։ Սակայն նավթային զամբյուղի գները, նույնիսկ առաջարկի այդպիսի կրճատման պայմաններում, շարունակեցին ուրախացնել ռեկորդների սիրահարներին. նոյմեբերի 21-ին գրանցվեց 42,5 դոլար, իսկ դեկտեմբերի 24-ին արդեն սահմանվեց տարվա իրական ռեկորդը՝ 33,36 դոլար։ Երկու օր անց տարվա ռեկորդը սահմանեց նաև էտալոնային համարվող brent տեսակի նավթը՝ 31,84 դոլար: Դեկտեմբերի վերջին OPEC-ը նորից հավաքվեց ժողովի և նորից որոշեց կրճատել արտահանումը ևս 2,2 մլն բարելով։ Այսպիսով` սեպտեմբերի 10-ի համեմատ OPEC-ը նվազեցրեց նավթի օրական արտահանումը 4,2 մլն բարելով։ Եթե սեպտեմբերին մեկ օրում արտահանվող նավթի ծավալը կազմում էր 29 մլն բարել, ապա այս տարվա հունվարի 1-ից այն կրճատվեց 14%-ով: OPEC-ի հիմնական նպատակը գների անկման կանխումն էր, ինչը, սակայն, տեղի չունեցավ։ Սեպտեմբերի 10-ին OPEC-ի զամբյուղն արժեր 95,25 դոլար, հունվարի 16-ին՝ 42,17 դոլար, այսինքն, չնայած առաջարկի ծավալների 14% կրճատմանը, գները նվազեցին 2,2 անգամ։ Ըստ OPEC-ի նախագահ Էլ-Բադրիի` նավթի առաջարկի կրճատումը չէր կարող անմիջական ազդեցություն ունենալ և անհրաժեշտ է սպասել մինչև փետրվարի 15-ը: Այդ օրը OPEC-ը նորից կուսումնասիրի շուկայի վիճակը և նոր որոշում կընդունի արտահանման ծավալների կրճատման վերաբերյալ։

ՏՆՏԵՍԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ

Նավթն այն եզակի ապրանքներից է, որի գինը միշտ չէ, որ որոշվում է պարզ տնտեսագիտական կատեգորիաներով՝ առաջարկով և պահանջարկով։ Ավելի ճիշտ` այն որոշվում է դրանցով, սակայն առաջարկի, պահանջարկի և դրանցով ձևավորվող գնի հիմքում գրեթե միշտ կարելի է քաղաքական (աշխարհաքաղաքական) ենթատեքստ գտնել։

1973թ., երբ սկսվեց Յոմ Կիպուրի պատերազմը Եգիպտոսի, Սիրիայի և մյուս կողմից Իսրայելի միջև, OPEC-ի անդամ երկրները որոշեցին նավթն օգտագործել որպես զենք Իսրայելին աջակցող երկրների դեմ։ Որոշում ընդունվեց կրճատել նավթի արտադրության ծավալները 25%-ով, նավթային էմբարգո հայտարարվեց ԱՄՆ-ին, Նիդեռլանդներին ու ևս մի շարք երկրների, բարձրացան նավթի գները։ Պատերազմը, բարեբախտաբար, շուտով ավարտվեց՝ թույլ չտալով արաբական երկրներին՝ սնանկանալու, իսկ արևմտյաններին՝ առանց վառելիք մնալու։ 1970-ական թթ. տնտեսական իրավիճակը նույնքան ՙլավատեսական՚ էր, որքան այսօր։ Բրետոն-Վուդսյան համաձայնագիրն այլևս չէր գործում, բարձր և արագ արժեզրկում էր տեղի ունենում, համաշխարհային տնտեսությունը պատրաստվում էր հերթական տնտեսական անկմանը։ 1979թ. նորից ճգնաժամ նկատվեց նավթի շուկայում. այս անգամ պատճառն իրանական հեղափոխությունն էր։ Սակայն իշխանության եկած մոլլաները շատ արագ վերականգնեցին նավթի արտահանումը համաշխարհային շուկա՝ շահը գաղափարական անհամաձայնություններից վեր դասելով։ Այնուամենայնիվ, 1980թ. արդեն նավթի գները սկսեցին իջնել մինչև 1986 թ., մեկ բարելի համար 35 դոլարից հասնելով 10-ի։ Պատճառը նավթի գերարտադրությունն էր, տնտեսական աճի դանդաղ տեմպերը և այլն։

2000թ. սեպտեմբերի 7-ին նավթը հերթական ռեկորդ գրանցեց. brent տեսակի մեկ բարելի գինը սահմանվեց 36,26 դոլար։ Դրա հիմքում ընկած էին սպեկուլյացիաները նավթային շուկայում, OPEC-ի դժկամությունը նավթի արտահանման ծավալների ավելացման գործում, լարվածությունը Մերձավոր Արևելքում և այլն։ Բնականաբար, զարգացած արդյունաբերական երկրները նավթի գնի նման վայրիվերո թռիչքի մեջ տնտեսությանը սպառնացող իրական վտանգ էին տեսնում։ Նավթ ներմուծուղ խոշորագույն երկրները հանդիպման պատրաստվեցին OPEC-ի հետ՝ համոզելու վերջինիս ավելացնել նավթի արտահանումը։ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը զգալի խառնաշփոթ մտցրեց համաշխարհային տնտեսության մեջ։ Ահաբեկչությանը հաջորդող 10 օրվա ընթացքում նավթի գինը իջավ 30%-ով, սահմանվեց նոր ռեկորդ՝ նավթի գինը դեպի ներքև հատեց 20 դոլար/բարել սահմանագիծը։ 2003թ. մարտին ԱՄՆ զորքերը ներխուժեցին Իրաք։ Շուկան, հույս դնելով ամերիկյան զենքի արագ հաղթանակի վրա, սպասում էր մինչ այդ արգելքի տակ դրված իրաքյան նավթին։ Առաջարկի ավելացման սպասումները նորից իջեցրին նավթի գները։ OPEC-ը ստիպված էր կրճատել նավթի արտադրության ծավալները՝ հավասարակշռությունը պահպանելու համար։ 2005թ. Կատրինա փոթորիկը ավիրեց նավթով հարուստ Մեքսիկական ծոցը։ Նավթի արդյունահանման օրական ծավալները կրճատվեցին 1,4 մլն բարելով։ Գները հասան 1980թ. առավելագույն գնին (արժեզրկմամբ ճշգրտված)։ Brent-ի գինը հասավ մինչև 67 դոլար: ԱՄՆ կառավարությունը որոշում ընդունեց հանել սեփական ռազմավարական նշանակության պաշարների նավթը։ 2006թ. հուլիսին Իսրայելը սկսեց ռազմական գործողությունները Լիբանանում տեղակայված Հզբալլահ շարժման դեմ։ Նավթ արդյունահանող մյուս կարևոր շրջանում՝ Նիգերի դելտայում, ռազմական բախումներ սկսվեցին կառավարական ուժերի և ապստամբների միջև։ Արագ զարգացող Չինաստանն ու Հնդկաստանը ավելացրին նավթի պահանջարկը։ Նավթի գինը հասավ մինչև 78,26 դոլար: 2008թ. հուլիսին Իրանը փորձարկեց նոր բալիստիկ այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել Իսրայել։ ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստ է պաշտպանել իր դաշնակիցներին։ Մամուլում հայտնվեցին բազմաթիվ հրապարակումներ Իրանի դեմ պատերազմի ամերիկյան բազմաթիվ ծրագրերի մասին։ Եթե հաշվի առնենք, որ Իրանը OPEC-ի երկրորդ խոշոր նավթ արդյունահանող երկիրն է, ապա նավթի գները չէին կարող չնվաճել հերթական բարձունքը՝ 144 դոլար:

Շուտով արդեն հայտնի կդառնար, որ հիպոթեկային շուկայի ճգնաժամն ընդամենը ծովի մեկ ալիքն էր. համաշխարհային տնտեսությանը նոր մեծ փոթորիկ էր սպասում։ Իրար հետևից սնանկացման եզրին հայտնվեցին ամերիկյան մի շարք խոշոր բանկեր և ընկերություններ, խոշորագույն ավտոկոնցեռնները հայտարարեցին իրենց մոտալուտ վախճանի մասին։ Նավթի գներն այլևս վերակենդանացման ենթակա չէին։ Նույնիսկ դեկտեմբերի 27-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ սկսած ռազմական գործողություններն արդեն ի վիճակի չէին զգալիորեն բարձրացնել նավթի գները։ Միայն այս տարվա հունվարի 13-ին նավթի գներին հաջողվեց հասնել ուղիղ մեկ ամիս առաջ գրանցված մակարդակին։

ՊԱՏՃԱ՞Ռ, ԹԵ՞ ՀԵՏԵՎԱՆՔ

Նավթի գների նման անկումը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքներից է։ Եթե ամերիկյան ավտոմեքենաշինության հսկաները չեն հասնում իրենց ծրագրած վաճառքներին, բնականաբար, կրճատվում է վառելիքի պահանջարկը աշխարհի ամենախոշոր նավթ սպառող երկրում։ Ըստ ԱՄՆ կառավարության էներգետիկայի դեպարտամենտի տվյալների` 2008թ. ԱՄՆ-ում նավթի սպառումը կրճատվել է 1,1 մլն բարելով (օրական) կամ 5,4%-ով: ԱՄՆ-ում նավթի սպառման մակարդակի նման անկում վերջին անգամ գրանցվել էր 1980թ.։ 2009թ. կանխատեսումները նույնպես ոգևորիչ չեն. այն կկրճատվի ևս 250 հազար բարելով (1,3%): Վերջին հաշվով, նավթի գների նման անկումը հաստատեց այն հոռետեսների կարծիքը, որ նավթի բարձր գները տնտեսապես հիմնավորված չեն, և նավթի շուկան արդեն վաղուց գործում է սպեկուլյատիվ հիմքերով։

Նավթի բարձր գների պայմաններում առաջադեմ մարդկությունը (հանձինս Արևմուտքի) սկսեց մեղադրել նավթ արդյունահանող երկրներին գերշահույթներ ստանալու նպատակի համար։ Ի պատասխան` OPEC-ը բերում է հետաքրքիր վիճակագրություն. 2003-2007 թթ. OPEC-ի անդամ երկրները նավթի վաճառքից ստացել են 2 259 մլրդ դոլար, այնինչ Մեծ Յոթնյակի երկրները նավթի հարկումից ստացել են 2 585 մլրդ դոլար եկամուտ։ Օրինակ` Մեծ Բրիտանիայում նավթի մեկ լիտրի շուկայական գնի առնվազն 60%-ը ձևավորվում է հարկերի հաշվին։

Եվ, ի դեպ, ըստ ամերիկացի տնտեսագետների հաշվարկների, որպեսզի գիտահետազոտական աշխատանքներն այլընտրանքային էներգիայի աղբյուրների հայտնագործման ոլորտում շահութաբեր լինեն, նավթի գինը չպետք է իջնի 60 դոլար/բարել արժեքից։

Նավթի գների անկումն ու սպառման կրճատումները սկսեցին ռեկորդներ սահմանել հիմնականում 2008 թվականին։ Մինչ այդ նավթային երկրների համար ստեղծվել էին շահույթ ստանալու դրախտային պայմաններ։ Սակայն արդեն 2007 թվականից նկատվում էր նավթի սպառման անկում։ ԱՄՆ-ում 2007թ. 2006թ. համեմատ նավթի սպառումը նվազեց 0,1%-ով, ԵՄ երկրներում` 2,6%-ով։

Նավթի գների անկումը, անշուշտ, իր բացասական հետևանքներն ունի համաշխարհային տնտեսության համար, սակայն այն կարող է լինել նաև համաշխարհային արդյունաբերության վերակենդանացման նախադրյալներից մեկը։ General Motors-ի, Ford-ի և ամերիկյան մյուս ավտոհսկաների վատ վաճառքների պատճառներից մեկն այն էր, որ նրանք շարունակում էին թողարկել բենզինի մեծ ծախս պահանջող մեքենաներ՝ հաշվի չառնելով նավթի թանկացման միտումը։ Միգուցե, բենզինի ցածր գների դեպքում ամերիկացիները շարունակեին հավատարիմ մնալ ահռելի ջիփերի նկատմամբ իրենց ունեցած նախապատվությանը։ Նավթի բարձր գների պատճառով թանկացան միջազգային բեռնափոխադրումները՝ խոչընդոտելով համաշխարհային առևտրի զարգացմանը, ռուսական խոշորագույն ավիաընկերություններից մեկին հասցրեցին սնանկացման եզրին՝ ավիակերոսինի դիմաց գոյացած ահռելի պարտքերի պատճառով։

ԱՅՆ, ԻՆՉ ԼԱՎ է ՄԵԿԻ ՀԱՄԱՐ

Եթե նավթի գների անկումն իր դրական հետևանքները կունենա սպառող երկրների համար, արտահանող երկրներին այն դնում է բավական դժվար կացության մեջ։ Ռուս վերլուծաբանները տալիս են երկրի տնտեսության զարգացման հետևյալ սցենարը՝ կախված ռուսական Urals տեսակի նավթի գներից. 95 դոլար/բարել` ճգնաժամն անցնում է անհետևանք, 70 դոլար` ծախսվում են ոսկեարժութային պաշարները, 60 դոլար` պետական բյուջեն դառնում է պակասորդային, 50 դոլար` տեղի է ունենում ռուբլու արժեզրկում (ինչին ականատես ենք լինում արդեն իսկ այսօր), 30 դոլար` վերադարձ սև 1998 թվականին։

Ըստ Merryll Lynch-ի վերլուծաբանների` 50 դոլար/բարել արժեքի դեպքում ՌԴ ՀՆԱ-ն աճ չի արձանագրի։ Չնայած նավթի գների անընդհատ անկմանը, պետական բյուջեի հիմքում ՌԴ կառավարությունը դրեց բավական լավատեսական գին՝ 95 դոլար/բարել։ Այնուամենայնիվ, արդեն հունվարի 19-ին ՌԴ վարչապետ Պուտինը հանձնարարեց վերահաշվարկել ՊԲ՝ ելնելով 41 դոլար/բարել գնից։ Ռուսական նավթային ընկերությունները փրկելու նպատակով` ՌԴ կառավարությունը գնաց նավթի արտահանման տուրքերի կրճատմանը։ Եթե 2007թ. դեկտեմբերից 2008թ. հոկտեմբեր ամիսներին գործում էր 495 դոլար/տոննա պետական տուրքի դրույքաչափը, ապա դեկտեմբերի 1-ից այն սահմանվեց 192,1 դոլար, իսկ այս տարվա հունվարի 1-ից այն կազմելու է 119,1 դոլար։ Չնայած դրույքաչափերի կրճատումը բացասական է ազդելու ՊԲ եկամուտների վրա, ՌԴ կառավարությունը դեռևս չի պատրաստվում կրճատել նրա ծախսային մասը։ Պլանավորվում է ընդգրկել Պահուստային ֆոնդերի գումարը։

Նախանձելի չէ նաև նավթային վերազգային կորպորացիաների և ընկերությունների վիճակը։ Գերշահույթներ քաղելով թանկ նավթի պայմաններում` հետայսու նրանք ստիպված կլինեն զսպել իրենց ախորժակը և հրաժարվել մի շարք ծրագրերից։ Մասնավորապես, ConnocoPhillips և Սաուդյան Արաբիայի Aramco ընկերությունները նախատեսում էին ԱՄԷ-ում կառուցել օրական 400 հազար բարել թողունակությամբ նավթային բազա։ Ծրագրի արժեքն էր 10 մլրդ դոլար, և այն նախատեսվում էր հանձնել շահագործման 2013թ.։ Սակայն անցած տարվա նոյեմբերին հայտարարվեց նախագծի գործարկման հետաձգման մասին։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների` 60 դոլար/բարել գնի դեպքում նախագիծը դառնում էր ոչ շահութաբեր։

Նավթի ցածր գները կդանդաղեցնեն, կամ ընդհանրապես կկանգնեցնեն նոր նավթահորերի յուրացումը։ Ըստ բրիտանացի վերլուծաբանների` չնայած նույնիսկ 45 դոլար գնի դեպքում Հյուսիսային ծովում գործող ընկերությունները կկարողանան խուսափել փակվելուց, այնուամենայնիվ, այստեղ նոր նավթահորերի մշակում տեղի չի ունենա։ Նավթահորերի մշակում չի իրականացվի նաև Կանադայում։ Նավթային ըկներությունների իրական վնասները կսկսեն երևալ այս տարվա փետրվարից, երբ կամփոփվեն երրորդ ֆինանսական եռամսյակի արդյունքները։

Նավթի գների անկումը վատթարացնում է առաջին հերթին համեմատաբար փոքր և ֆինանսապես ավելի թույլ նավթային ընկերությունների վիճակը։ Նրանք կլանման թիրախ են դառնում խոշորների համար։ Մասնավորապես, արդեն լուրեր են շրջանառվում Exxon Mobile ընկերության կողմից Shell-ը կլանելու մտադրության մասին։ Եվ ընդհանրապես, դատելով Exxon Mobile-ի չափերից և հնարավորություններից` գրեթե ցանկացած նավթային ընկերություն, նույնիսկ ճգնաժամի ներկայիս պայմաններում, կարող է դիտվել վերջինիս կողմից կլանման առարկա։

ՎԱՏ ԵՐԵՎՈՒՅԹԻ ԼԱՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Արդարացի կլիներ ասել, որ մեր տարածաշրջանում ամեն ինչ հիմնված է էներգակիրների վրա։ Հետևաբար` էներգակիրների շուկայի յուրաքանչյուր զարգացում մեծ ազդեցություն է թողնում թե° առանձին երկրների տնտեսության, թե° տարածաշրջանում ուժերի ընդհանուր բաշխվածության վրա։ Որոշ երկրներ տնտեսական զարգացման հիմքում դնում են էներգակիրների արդյունահանումն ու արտահանումը` իրենց տնտեսությունը նստեցնելով ՙնավթագազային ասեղի վրա՚։ Մյուսները փորձում են էներգետիկ ոլորտից ստացված գերշահույթներն օգտագործել տնտեսության համաչափ զարգացումն ապահովելու համար։ Այն երկրները, որոնք զրկված են որևէ նշանակալի էներգետիկ ռեսուրսներից, ստիպված են ՙխրախճանքին՚ մասնակցել տարանցիկ երկրի կարգավիճակով։

Նավթի գների վերջին տարիների աննախադեպ աճը մշտական վտանգ էր ներկայացնում մեր տարածաշրջանային կայունության համար։ Աննախադեպ հարստացած Ադրբեջանը անընդհատ ուռճացնում էր իր ռազմական բյուջեն` սպառնալով մեզ, իսկ տարանցիկ երկիր դարձած Վրաստանն արդեն հավատացել էր իր անփոխարինելիությանն ու ՙմարգարեական առաքելությանը՚։

Կարելի է ենթադրել, որ նավթի գների անկմամբ` նավթային և տարանցիկ մի շարք երկրներ արդեն կորցնում են համաշխարհային տնտեսության և պատմության զարգացման գործում իրենց ստանձնած դերը։ Հետևաբար և, այսօր շատ տաք գլուխներ կսառեն մինչև նոր և ՙլավ՚ ժամանակները։

Իսկ Հայաստանում նկատվում է վառելիքի գների զգալի (սակայն գուցեև ոչ համաչափ) անկում, ինչը համաշխարհային տնտեսության զարգացման մութ հեռանկարների ֆոնի վրա, անշուշտ, չի կարող չուրախացնել շարքային սպառողին։

 

Business Class Հունվար-Փետրվար N 1 (13)

 

1 Comment so far
  1. Էդգար Հելհելյան July 18, 2009 8:54 am

    ապրես Հաբետ ջան,լավ գործ ես անում,շատ հոտաքրքիրէ.ողջունում եմ

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են