ՍՈ՞ՒՐԲ, ԹԵ ԱՆԻԾՅԱԼ ՀՈՂ

By admin | Mar 30, 2009

ՍՈ՞ՒՐԲ, ԹԵ ԱՆԻԾՅԱԼ ՀՈՂ

 

ԻՆՉՈ՞Ւ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ԹՆՋՈՒԿԸ ՉԻ ԿՈՐՑՆՈՒՄ ԻՐ ՙՀԱՎԵՐԺԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՚

 

2008թ. մոտենում էր իր ավարտին ֆինանսական մեծ ճգնաժամի ծանր բեռով, միջնադարից կարծես թե հարություն առած ծովահենության դեմ պայքարի անհրաժեշտությամբ և այլ կարևոր խնդիրներով, սակայն տարվա ավարտին, երբ ամբողջ Արևմուտքը նշում էր Ծննդյան տոները, այս ամենին ավելացավ հերթական անգամ բռնկված մերձավորարևելյան վառոդը։ Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածի և այն կառավարող Համաս խմբավորման դեմ։

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

 

Հրեաները ռազմական գործողություն սկսելու հիմքեր ունեին՝ Համասը վերսկսել էր իսրայելյան տարածքի ռմբակոծությունները։ Ցավոք, 6 ամիս առաջ կնքված հրադադարը հնարավոր չեղավ երկարաձգել։ Դեկտեմբերի 18-ին Համասը հայտարարեց հրադադարը չերկարացնելու իր որոշման մասին, իսկ արդեն 25-ին Իսրայելը սկսեց ռազմական գործողությունները Գազայի դեմ։

Իսրայել-Պաղեստին հակամարտությունը նույնիսկ պատերազմ չի կարելի անվանել։ Այն ավելի շուտ նման է ՙպատժիչ գործողությունների՚, որոնք կիրառում էր Բրիտանական կայսրությունն իր գաղութներում XVIII-XIX-րդ դարերում։ Բնիկների անհնազանդության յուրաքանչյուր փորձից հետո կայսրության բանակը, անհամեմատ ավելի լավ զինված և պատրաստված, պատժում էր ապստամբներին` առանց արդար ու մեղավոր ջոկելու, ոչնչացնելով թե° նրանց կացարանները, թե° անմեղ հարևաններին։ Բրիտանական կայսրության այս մարտավարությունը, անշուշտ, նրան հնարավորություն տվեց բավական երկար պահպանել աշխարհակալի իր դիրքերը, սակայն վերջ ի վերջո այն փոքրացավ` ստիպված սահմանափակվելով իր մի քանի կղզիներով։

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության այս նոր փուլը կարծես թե գալիս է վերստին հաստատելու հրեա և արաբ ժողովուրդների այն հատվածի կարծիքը, որ նրանք ի վիճակի չեն  համատեղ ապրել Սուրբ Հողում։ Փոխադարձ ատելությունն անընդհատ աճում է անկախ ամեն ինչից։ Արդեն փորձարկվել են միջնորդության բոլոր հնարավոր տարբերակները, առաջարկվել են խաղաղության հաստատման հարյուրավոր ծրագրեր, սակայն այսօր Իսրայելը ռմբակոծում է Գազան։ Սակայն եթե 60 տարի առաջ Պաղեստինի արաբներին պաշտպանելու էին դուրս եկել գրեթե բոլոր արաբական երկրները, այսօր նրանք գերադասում են սահմանափակվել ՙանհանգստությամբ՚։ Անհագստություն է հայտնում նաև միջազգային հանրությունը, ընդունում և առաջարկում է բանաձևեր, որոնցից և ոչ մեկը չի կարող ապահովել ո՜չ պաղեստինցիների և ո՜չ էլ հրեաների անվտանգությունը։

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ              

 

ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի սկսած գործողության առաջին իսկ օրերից սկսեց արծարծվել այն կարծիքը, որ իրականում այս գործողության հիմքում Իսրայելի ներքաղաքական խնդիրներն են։ Փորձը ցույց է տալիս, որ երբ Իսրայելում ընտրությունները համընկնում են ռազմական գործողությունների հետ, հաղթում է այն թեկնածուն կամ ուժը, որն ավելի ռազմատենչ կեցվածք է ընդունում։ Եթե խաղաղ պայմաններում իշխող քաղաքական ուժին չի հաջողվում արաբների հետ բանակցությունները հասցնել դրական ավարտին, այն կորցնում է իշխանությունը։ Փաստորեն, խաղաղ պայմաններում բանակցություններում հաջողության չհասած իշխանությանը մնում է մի բան՝ սկսել պատերազմը։

Իշխանափոխության նման դեպք գրանցվեց 2000թ. սեպտեմբերի 28-ին. այն ժամանակ դեռ ընդդիմության առաջնորդ Արիել Շարոնը այցելեց Երուսաղեմի սրբավայրերից մեկը, ինչն առաջացրեց պաղեստինցիների դժգոհությունը՝ վերածվելով երկրորդ ինթիֆադի։ Անշուշտ, Շարոնը շատ լավ էր հասկանում, թե ինչ հետևանքների կհանգեցներ իր այդօրինակ քայլը, բայց իր իշխանության օրոք նա այնուամենայնիվ հրաժարվեց այն հիմնական գաղափարներից, որոնք դրդել էին նրան գնալ այդ քայլին։ Սակայն երկրորդ ինթիֆադը Շարոնի կուսակցությանը հերթական խորհրդարանական ընտրություններում հաղթելու հնարավորություն տվեց։ 

Այսօր Իսրայելի իշխանական բուրգը կազմում են երեք քաղաքական գործիչ՝ փորձառու զինվորական, պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, նորահայտ աստղ, նախկին հետախույզ (եթե այդպիսիք ընդհանրապես լինում են) արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնին և վարչապետ Էհուդ Օլմերթը։ Երեքն էլ գործողության հաջողության դեպքում մեծ քաղաքական դիվիդենտներ են շահում։ Այս տարվա փետրվարի 10-ին սպասվում են Կնեսեթի՝ Խորհրդարանի հերթական ընտրությունները։

Բարաքին անհրաժեշտ է քաղաքական լճացումից փրկել իր Լեյբորիստական կուսակցությունը, որը, լինելով Իսրայելի ամենահին և ազդեցիկ ուժերից մեկը, 2001թ. այս կողմ զիջում է իր դիրքերը։ Բարաքը Իսրայելում հայտնի է որպես փորձառու զինվորական։ 35 տարի ծառայելով Իսրայելի բանակում` նա հասավ Գլխավոր շտաբի պետի պաշտոնին։ Իր ռազմական տաղանդը Բարաքը ցուցադրեց Յոմ Կիպուրի պատերազմի ժամանակ, ինչպես նաև արաբների ահաբեկչական մի քանի գործողությունների ընթացքում հաջողված փրկարարական գործողություններով։ Համասի դեմ գործողություններ սկսելով` Բարաքը նախ ապացուցում է հրեաներին, որ արաբական վտանգն ամենևին էլ չի անցել, և երկրին ռազմական գործից հասկացող ղեկավար է պետք։ Հաղթանակի դեպքում նա հերթական անգամ ցույց կտա իր ռազմական տաղանդն ու նշանակությունը Իսրայելի անվտանգության համար։

Վարչապետ Էհուդ Օլմերթը կորցնելու գրեթե ոչինչ չունի։ Նա արդեն զիջել է իշխող կուսակցության՝ Կադիմայի նախագահությունը Ցիպի Լիվնիին։ Սակայն Օլմերթը անհրաժեշտություն ունի արդարանալու 2006թ. իսրայելա-լիբանանյան հակամարտության համար, որը, հրեաների մեծամասնության կարծիքով, Իսրայելի համար դրական ավարտ չունեցավ։ Սակայն Օլմերթի ցանկությունը քաղաքականությունից ընդամենը գեղեցիկ հեռանալը չէ։ Իսրայելի ներքաղաքական իրադարձությունները ցույց են տալիս, որ իշխանությունը կորցրած քաղաքական գործիչները վերադառնալու սովորություն ունեն։

Հաղթելով Կադիմայի ներկուսակցական ընտրություններում` Լիվնին չկարողացավ ձևավորել նոր կառավարություն՝ նախաձեռնելով Կնեսեթի նոր ընտրություններ։ Իր նախարարական աշխատանքի ընթացքում Լիվնին Պաղեստինի հարցի կարգավորման գործում որևէ զգալի առաջընթացի չի հասել։ Հաղթանակած պատերազմը գոնե ինչ-որ բանով աչքի ընկնելու նրա միակ հնարավորությունն է։ Եվ վերջին հաշվով, ոչ մի ընտրող չի կարող դրական վերաբերվել այն կառավարությանը, որը ոչինչ չի անում այն դեպքում, երբ դեկտեմբերի կեսից սկսած վերականգնվել էին Պաղեստինի տարածքից հրեական քաղաքների ամենօրյա ռմբակոծումները։

Ներքաղաքական մյուս խնդիրը կապված է իսրայելական քաղաքականության վետերան, Լիկուդ կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուի վերադարձի հետ։ Նաթանյահուն հայտնի է Պաղեստինի հարցում իր ռազմատենչ դիրքորոշմամբ։ Նա միշտ հաստատակամ է եղել Պաղեստինը ռազմական ուժով ՙահաբեկչական՚ տարրերից ազատելու հարցում։ Սկսելով պատերազմը Համասի դեմ` Օլմերթ-Լիվնի-Բարաք եռյակը զրկում է Նեթանյահուին իր գլխավոր խաղաթղթից։ Սակայն եռյակի հաշվարկները կարդարանան միայն այն դեպքում, եթե Համասի դեմ գործողության ավարտը գոհացնի հրեա ընտրողներին, և եռյակը 2006թ. Օլմերթի դերում չի հայտնվի։ Նույնիսկ եթե հաղթանակը մոտ չէ, ապա միշտ կարելի է անցնել ահաբեկիչների դեմ երկարաժամկետ, հիմնարար պայքարի, գոնե մինչև փետրվարի 11-ը։       

 

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԽԱԽՏՎԵՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Նախորդ տարվա հուլիսի 18-ին Իսրայելն ու Համասը ձեռք բերեցին հրադադարի պայմանավորվածություն։ Համասը հայտարարեց, որ պայմանավորվածությունը գործելու է մինչև դեկտեմբերի 19-ը, այնինչ իսրայելական կողմը խուսափում էր ժամանակային սահմանափակումների մասին խոսել` ենթադրելով, որ այն կարող է  անժամկետ բնույթ ստանալ։ Հուլիսի 18-ից մինչև դեկտեմբերի 19-ը Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակվեց ընդհանուր առմամբ 329 ական և հրթիռ, այնինչ պայմանավորվածությանը նախորդող 6 ամիսների ընթացքում արձակվել էր 2278 ական և հրթիռ։ Այնուամենյանիվ, Իսլամական Ջիհադը, Ալ-Աքսայի Նահատակները, Իսլամի բանակը և մի քանի այլ կազմակերպություններ շարունակեցին Իսրայելի տարածքի հրթիռակոծումները։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին իսրայելական տարածքի վրա արձակվեց 18 հրթիռ և ական։  Փաստորեն, ընդհանուր առմամբ, Համասը կարողացավ տևական ժամանակահատվածում պահպանել հրադադարի պայմանները։

Իսրայելն այսօր օգտագործում է իր և արտերկրում գտնվող հրեական համայնքի ամբողջ ուժն ու հնարավորությունները` ցույց տալու համար, որ հրադադարի խախտման մեղավորը Համասն է։ Կա նաև այլ կարծիք. 2008թ. դեկտեմբերի 14-ին Դամասկոսում ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը և Քարտերի Կենտրոնի ավագ խորհրդական պրոֆ. Ռոբերտ Պաստորը հանդիպում են Համասի քաղաքական թևի առաջնորդ Խալեդ Մեշալին։ Մեշալը խնդրում է Պաստորին փոխանցել իսրայելական կողմին, որ նրանք պատրաստ են ևս 6 ամսով երկարաձգել ընդհատված հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի Գազայի շրջափակումը։ Պաստորը Մեշալի առաջարկը փոխանցում է իսրայելական պաշտպանության բանակի ղեկավարությունը, որը և խոստանում է ՙզբաղվել դրանով՚։

Հրադադարի երկարաձգման նոր առաջարկով դեկտեմբերի 14-ին Համասի բարձրաստիճան ղեկավարների պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ Եգիպտոսի հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանի հետ հանդիպելու, որը նախորդ հրադադարի կնքման ժամանակ հանդես էր եկել որպես միջնորդ կողմերի միջև։ Համասը նորից խնդրում է Սուլեյմանին ճնշում գործադրել հրեաների վրա, որպեսզի նրանք լրջորեն մոտենան հրադադարի գլխավոր՝ Գազայի շրջափակման վերացման պայմանին։ Սուլեյմանը խոստանում է Համասի առաջարկությունը փոխանցել հրեաներին, սակայն մինչ այժմ հայտնի չէ` արդյո±ք հրեաները մերժել են նրան, թե± ուղղակի միջնորդությունն անպատասխան են թողել։

Արդեն նոյեմբերի կեսերից զգացվում էր, որ Համասի և Իսրայելի միջև հրադադարը երկար չի դիմանալու։ Նոյեմբերի 4-ին Իսրայելի զինված ուժերը ներխուժում են Գազայի հատված՝ նպատակ ունենալով ոչնչացնել Գազայից Իսրայելի տարածք փորված 250 մ երկրարությամբ ստորգետնյա թունելը։ Ըստ իսրայելական կողմի` թունելի միջոցով Համասը պատրաստվում էր մտնել Իսրայելի տարածք և առևանգել հրեա զինվորներին։ Այդ օրվանից Համասը սկսում է ակտիվորեն ռմբակոծել Իսրայելի տարածքը, մինչև որ դեկտեմբերի 18-ին վերջինը հայտարարեց հրադադարի ավարտը, ինչից հետո ռազմական գործողություններ սկսեց Գազայի դեմ։

    

ՀԱՄԱՍԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

 

Համասը հիմնադրվել է 1987 թվականին շեյխ Ահմեդ Յասինի կողմից որպես արդեն մեկ դար գործող Մուսուլմանական եղբայրության մի ճյուղ։ Թարգմանաբար Համաս նշանակում է Իսլամական դիմադրության շարժում։ Այսինքն, ի տարբերություն Պաղեստինի մյուս խոշորագույն շարժման՝ Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ), Համասն ունի խիստ ընդգծված կրոնական բնույթ և իր ամբողջ գաղափարախոսությունը քաղում է իսլամից։ Համասը չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը և կոչ է անում իսպառ վերացնել այն քարտեզի վրայից։ Ի դեպ, Պաղեստինի վերջնական ազատագրման, միջազգային ատյաններում պաղեստինցիների իրավունքների ներկայացման և պաշտպանության համար ստեղծված ՊԱԿ-ը, որը 1969 թվականից ղեկավարում էր Յասեր Արաֆաթը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել էր որպես պաղեստինցիների շահերը ներկայացնելու իրավունք ունեցող միակ կազմակերպությունը և ստացել Անվտանգության խորհրդի դիտորդի կարգավիճակ։ 1993թ. Օսլոյի համաձայնագրով Իսրայելը նույնպես ճանաչեց ՊԱԿ-ը որպես պաղեստինցիների շահերը ներկայացնող միակ կազմակերպություն։ Ըստ վերոհիշյալ համաձայնագրի` հենց ՊԱԿ-ին հանձնարարվեց Պաղեստինի ինքնավարության ձևավորումը։

Իսկ ահա Համասն իր էությամբ աթեիստ, ձախակողմյան կողմնորոշում ունեցող ՊԱԿ-ի հակակշիռն էր։ Կարծիք կար, որ Համասը ստեղծվել է իսրայելական հատուկ ծառայությունների աշխատանքի շնորհիվ՝ նպատակ ունենալով թուլացնել ՊԱԿ-ը և զրկել նրան պաղեստինցիների պայքարի մենաշնորհից։ Սակայն արագ զարգացող և թափ հավաքող Համասը շուտով  իսկական պատուհաս դարձավ Իսրայելի գլխին, մանավանդ այն բանից հետո, երբ ցանկալի համաձայնության եկավ ՊԱԿ-ի հետ։ Արդեն մեծ եղբոր նկատմամբ նախանձկոտ փոքրը Իսրայելին պետք չէր, սակայն փոքրը մեծանալու դեռ շատ տեղ ուներ։ Իսրայելի նպատակը, անշուշտ, իրականացավ. ՊԱԿ-ը զրկվեց միանձնյա առաջատարի դիրքերից, սակայն փոխարենը Պաղեստինի ազատագրական շարժումը նոր շունչ ստացավ։

Իսրայելն ու ԱՄՆ-ն, շարժվելով ժողովրդավարության անփոխարինելիության դոկտրինով, վստահ էին, որ այն կփոխի պաղեստինցիներին, կստիպի նրանց մոռանալ Իսրայելի նկատմամբ թշնամանքը, հազարավոր սպանվածներին ու տեղահանվածներին, և պաղեստինցիները միանգամից կսիրեն հրեաներին։ Իրականում Պաղեստինի դեմոկրատացման գործընթացներն սկսվեցին միայն Արաֆաթի մահից հետո, երբ 2005թ. Պաղեստինում անցկացվեցին երկրորդ նախագահական ընտրությունները։ Դրանք բոյկոտվեցին Համասի կողմից, և նախագահ ընտրվեց Արաֆաթի թիմակից, Ֆաթհ կուսակցության առաջնորդ Մահմուդ Աբասը։ 2006թ. օրենսդիր մարմնի ընտրությունները հաղթանակ բերեցին Համասին։ Աբասը ստիպված էր իշխանությունը կիսել իր գաղափարական հակառակորդների հետ։ Այնուամենայնիվ, համաձայնության չգալով մի շարք հարցերի շուրջ, 2007թ. այս երկու ուժերի միջև զինված բախումներ սկսվեցին։ Արդյունքում Աբասն ու Ֆաթհը ստիպված էին Գազայի հատվածը թողնել Համասին` իրենց իշխանությունը տարածելով արդեն միայն Արևմտյան ափի վրա։

Համասի հաջողությունն ավելի շուտ հիմնված էր սոցիալ-տնտեսական, քան քաղաքական գործոնների վրա։ Որքան էլ Իսրայելն ու նրա դաշնակիցները Համասը փորձեն ներկայացնել մռայլ գույներով` որպես ահաբեկչական կազմակերպություն, այն շատ կարևոր սոցիալական նշանակություն ունի պաղեստինցիների համար։ Պաղեստինում Համասը զբաղվում է բարեգործությամբ, բացել և հովանավորում է մի շարք դպրոցներ, համալսարան, մանկատներ, մշակութային-կրոնական կառույցներ։ Համասի տարեկան բյուջեն գնահատվում է մոտ 70 մլն դոլար, որի զգալի մասը ոչ թե ծախսվում է ահաբեկչության նպատակներով, այլ ուղղվում է սոցիալ-տնտեսական ծրագրերին։ Ի տարբերություն Աբասի և նրա կուսակցության, Համասի ստեղծած համակարգում կաշառակերությունը հասնում է նվազագույն չափերի։ Գալով  իշխանության` ՊԱԿ-ը կարճ ժամանակում վերածվեց տարածաշրջանի ամենակոռումպացված կառույցներից մեկի։ Պաղեստինի տնտեսությունը որպես մենաշնորհ տրված էր Արաֆաթի կլանի ներկայացուցիչներին և նրան հավատարիմ մարդկանց։ Ըստ մի շարք փորձագետների` ՊԱԿ-ին և Պաղեստինին տրվող արտերկրյա օգնության շատ փոքր մասն էր իրականում հասնում հասարակ պաղեստինցիներին։

Եթե Համասի ստեղծմամբ Իսրայելը նպատակ ուներ պառակտել Պաղեստինը և թուլացնել ՊԱԿ-ը, նա, անշուշտ, հասավ այդ նպատակին։ Սակայն արդեն իսկ Ֆաթհն ու Աբասը պատրաստ էին բանակցելու Իսրայելի հետ առաջին հերթին հենց Իսրայելի պայմաններով։ Այժմ Իսրայելը ստիպված է բանակցել նաև Համասի հետ, որը չի ընդունում նույնիսկ իր գոյությունը։

 

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արաբական աշխարհի արձագանքը նույնպես զգուշավոր անհագստությունից չի անցնում։ Լիբանանը դեռ բուժում է իր վերքերը և պատրաստ չէ որևէ նոր հակամարտության։ Իսրայելը հստակ ցույց է տվել իր վճռականությունը, և Հզբոլլահի` հակամարտությանը միանալու դեպքում ռազմական գործողությունները կսկսվեին նաև նրա դեմ։ Ինչքան էլ Հզբոլլահը հայտարարի Իսրայելի նկատմամբ իր հաղթանակի մասին, Իսրայելի հետ երկրորդ նման պատերազմի նա արդեն չի դիմանա։ Իզուր չէ, որ նա մեծ ջանասիրությամբ սկսեց հերքել հակամարտության ընթացքում Լիբանանի տարածքից միակ հրթիռի արձակման համար իր պատասխանատվությունը։

Արաբական երկրներից ամենաբարդ իրավիճակում, անշուշտ, հայտնվեց Եգիպտոսը։ Արաբական այս երկիրը և նրա աշխարհիկ ու արևմտամետ իշխանությունները ամենևին էլ երջանիկ չեն սահմանակից իսլամական կազմավորում ունենալու գաղափարից։ Սակայն հենց Եգիպտոսի միջամտությամբ էր կնքվել հրադադարը, և հենց նրան է այսօր Համասը իր և Իսրայելի միջև միջնորդ տեսնում։ Իզուր չէ, որ ռազմական գործողությունները սկսելուց մի քանի օր առաջ Եգիպտոս այցելեց Ցիպի Լիվնին և ըստ չարախոսների կարծիքների՝ ստացավ նախագահ Մոբարաքի լոյալությունը Գազա ներխուժելու հարցում։

Սակայն Իսրայելի կողմից Գազայի շրջափակման պայմաններում Եգիպտոսի և Գազայի սահմանագծում գտվնող Ռաֆահ անցակետը պաղեստինցիների միակ ելքն է դեպի արտաքին աշխարհ։ Ռազմական գործողությունների արդյունքում Եգիպտոսը հայտնվեց երկու քարի արանքում` կա°մ բացել սահմանը և ընդունել հազարավոր պաղեստինցի փախստականներին` միևնույն ժամանակ խախտելով Իսրայելի հետ ձեռք բերած պայմանավորվածությունները, կա°մ էլ, փակ պահելով այն, լարել իր դեմ ամբողջ արաբական աշխարհը, ինչպես նաև երկրի ներսում առկա անհնազանդ իսլամիստական ուժերին։ Սակայն հնարամիտ պաղեստինցիները հարյուրավոր մետր երկարությամբ թունելներ են փորել, որոնք նրանց հնարավորություն են տալիս նույնիսկ շրջափակման պարագայում Պաղեստին զենք և զինամթերք հասցնել։ Գազայի դեմ Իսրայելի գործողության նպատակներից մեկն էլ այս թունելների ոչնչացումն է, ինչի համար էլ Իսրայելը ակտիվորեն ռմբակոծում է Եգիպտոս-Գազա սահմանը։

Եթե Եգիպտոսն ակտիվ միջնորդի կարգավիճակով փորձում է հարթել կոնֆլիկտը, արաբական մյուս երկրները հանդես են գալիս ավելի շուտ պասիվ ՙանհանգստացողի՚ դերում։ Իսրայելին բացահայտ օժանդակություն հայտնել նրանք չեն կարող, սակայն բացահայտ դիմակայության մեջ մտնելու ցանկություն էլ կարծես թե ոչ մեկը չունի. 1950թ. մինչ այժմ բոլոր պատերազմները տանուլ են տրված։ Սիրիան` Համասի գլխավոր հովանավորներից մեկը, հանդես է գալիս արդեն ակտիվ ՙանհանգստացողի դերում՚: Եթե Իսրայելի և Սիրիայի միջև լինեին դիվանագիտական հարաբերություններ, վերջինս նույնիսկ կսպառնար խզել դրանք։ Սակայն այսօր նա հայտարարում է իր աջակցությունը, անհանգստությունը և դադարեցնում է Թուրքիայի կողմից միջնորդավորված խաղաղության բանակցությունները։

Իրանը նույնպես Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, չի կարող ո°չ հարաբերությունները խզել, ո°չ էլ գոնե դեսպանին արտաքսել։ Ամենաշատը այս հակամարտությունը, անշուշտ, ձեռնատու է Իրանին։ Նախ Իսրայելը հերթական անգամ իր դեմ է լարում իսլամական հանրությանը և ապա հնարավորություն է տալիս Իրանին որոշ ժամանակով դուրս մնալ ուշադրության կենտրոնից։ Անշուշտ, Ահմադինեժադը բազմիցս է հայտարարել Իսրայել պետության ոչնչացման իր ծրագրերի (երազանքների) մասին, սակայն վստահ կարելի ասել, որ նա չի շտապի այս պատեհ առիթն օգտագործել։ Վերջին հաշվով, Իսրայելը հարմար առիթի է սպասում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու համար։

Անհանգիստ Արևմուտքը, բնականաբար, չի կարող խրախուսել իր իսկ կողմից ահաբեկիչ ճանաչված Համասին, սակայն առանձնապես ցանկություն էլ չունի Իսրայելի գլուխը շոյելու։ 1973թ. ի պատասխան Յոմ Կիպուրի պատերազմում Իսրայելին Արևմուտքի ցուցաբերած աջակցության` Նավթ արտահանող արաբական երկրների միությունը նախ կտրուկ բարձրացրեց նավթի գները և կրճատեց արդյունահանման ծավալները, այնուհետև դադարեց նավթ վաճառել ԱՄՆ-ին և Հոլանդիային։ Միգուցե հարստացած արաբական նավթատերերը նման քայլի այսօր չդիմեն, սակայն նրանց հակաարևմտյան դիրքորոշումն անպայման կունենա բացասական տնտեսական հետևանքներ։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ եթե առաջին արաբ-իսրայելական պատերազմում ընդգրկված էր ամբողջ արաբական աշխարհը, այսօր Պաղեստինը մնացել է միայնակ իր խնդիրների առջև։ Միգուցե դեմոկրատացման և լիբերալացման սերմերն իրենց պտուղները տվեցին արաբական երկրներում. Պաղեստինի համար այսօր ոչ ոք չի պատրաստվում զոհել սեփական տնտեսական բարօրությունը, այն էլ միջազգային ֆինանսական ճգնաժամի ներկա պայմաններում։ Արաբական աշխարհին և հրեական լոբբիին առանձնապես չզայրացնելու նպատակով ԱՄՆ-ն, օրինակ, որոշեց ձեռնպահ մնալ տարվա սկզբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իսրայելին բանադրող բանաձևի քվեարկության ժամանակ։

Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ միջազգային հանրությունը ոչինչ չի անում։ Կան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնց, սակայն, հակամարտող կողմերը լուրջ չեն վերաբերվում, կա միջնորդների մի մեծ բանակ, մի շարք տարբեր առաջարկություններ և այլն։ Բոլորն այսօր փորձում են հաշտարար երևալ, թե° նախկին, արդեն պարպած քաղաքական գործիչները և թե° ներկաները։ Անկախ նրանից, թե մինչև Իսրայելի պատժիչ գործողության ավարտը քանի պաղեստինցի դեռ կզոհվի, վստահությամբ կարելի է ասել, որ խաղաղության համար ապագա նոբելյան մրցանակակրի թեկնածուներն այսօր արդեն նշմարվում են։

 

ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ

 

Չնայած արաբ-իսրայելական հակամարտության լուծման համար մի շարք քաղաքական գործիչներ ստացան խաղաղության նոբելյան մրցանակ, այնուամենայնիվ, այն դեռ հեռու է լուծված համարվելուց։ Արաբ-իսրայելական հակամարտությունը սկսել է նմանվել Գորգոնյան հանգույցի. կա°մ անհրաժեշտ է գտնել որևէ նոր, միգուցե խիստ ծայրահեղ լուծում, կա°մ էլ թողնել այս խնդիրը հեռու և մոտ սերունդներին:

Փորձելով չեզոքացնել ՊԱԿ-ը` Իսրայելը ստեղծեց Համասը: Իսկ այժմ Իսրայելը փորձում է չեզոքացնել Համասը։ Միգուցե Համասին թուլացնելու համար կստեղծվի մեկ այլ կառույց, սակայն անվերջ այս գործընթացը չի կարող շարունակվել։ Համասն այսօր արտահայտում է այն վերաբերմունքը, որն ունեն պաղեստինցիները Իսրայելի նկատմամբ, իսկ այն զենքի ուժով չի փոխվելու։ Անշուշտ, Իսրայելը, ինչպես յուրաքանչյուր նորմալ պետություն, իրավունք ուներ և պարտավոր էր իր քաղաքացիների կյանքի պահպանության համար ներխուժել Պաղեստին, սակայն դժվար է հավատալ, որ Համասը կամ պաղեստինցիները դրանից հետո ավելի լավ են տրամադրվելու հրեաների նկատմամբ։ Իսկ անվերջ պատերազմել չի կարող ոչ ոք։

 

Business Class Հունվար-Փետրվար N 1 (13)

Comments are closed.

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են