ԻՍԼԱՄԻ ԲԱՐՁՐ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

By admin | Sep 18, 2009

 

«ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՈԳՈՎ

Ասում են, հնարավոր չէ կանգնեցնել աշխարհի զարգացման բնականոն ընթացքը։ Նաև պնդում են, որ ոչ ոք ի զորու չէ թաքնվել գլոբալիզացիայից։ Այնուամենայնիվ, արագ զարգացող գլոբալացված աշխարհում հայտնվեցին Սոմալիի ծովահենները՝ վերակենդանացնելով սըր Ֆրենսիս Դրեյքի հնագույն մասնագիտությունը։ Եթե աշխարհի մի մասն այսօր ապրում է` աստվածացնելով շուկայի, բարքերի ազատությունը, գլոբալիզացիան և զարգացումը, աշխարհի մյուս մասը (զգալի¯ մասը) փորձում է ապրել իր, տեղական օրենքներով։ Սեփական կանոններով ապրող ազգերը ենթարկվում են աշխարհի հզորներից հետ մնալու մշտնջենական վտանգին, սակայն գրեթե միշտ գործում է ինքնության պահպանման բնազդը կամ փոփոխությունների համար անհրաժեշտ ճկունության բացակայությունը։ Նման պետության վառ օրինակ է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Առաջին հայացքից թվում է, թե Իրանի բոլոր` և° ներքին, և° արտաքին խնդիրները կապված են նրա` իսլամական լինելու հետ։ Այսինքն` կրոնական-իսլամական Իրանը չի ընդունվում աշխարհիկ-քրիստոնեական Արևմուտքի կողմից։ Սակայն աշխարհում եղել են և կան ավելի ավտորիտար համակարգեր, որոնք պարզապես Արևմուտքի աչքի լույսն են, քանի դեռ գտնվում են վերջինիս քաղաքականության ուղեգծում։ Իրանի իսլամական լինելը շահարկվում է Արևմուտքի կողմից այն պահից սկսած, երբ Իրանը փորձում է վարել ինքնուրույն, անկախ քաղաքականություն։ Իսլամական լինելն այստեղ կապ չունի. նույն հաջողությամբ այն կարող էր լինել բուդդայական, սինտոյական կամ մարքսիստական։

Իրանն արդեն 30 տարի է, ինչ իսլամական պետություն է։ Նայելով Իրանի պատմության վերջին ժամանակաշրջանին` կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց դրանք գրեթե միշտ կկենտրոնանան երկու բևեռներում՝ Իսլամական հեղափոխությունը արգելակե՞ց Իրանի զարգացումը, թե՞ ոչ։ Երկու տեսակետներն էլ իրավունք կունենան ապրելու։ Սակայն Իրանի ազատականացումը ակնհայտ է վերջին 4-5 տարիների ընթացքում, և որքան էլ զարմանալի հնչի, հենց պահպանողական Ահմադինեժադի իշխանության օրոք։ Ստեղծվում է տպավորություն, որ Իրանում իսլամական կարգերի փլուզման հարցը օրհասական է։ Դրա վառ ապացույց կարող է լինել փողոցում «DVD, DVD…»կանչելով, հոլիվուդյան արգելված ֆիլմեր վաճառող երիտասարդը, որը կարծես ոչնչից չի վախենում։ Ազատական փոփոխություններն Իրանում անխուսափելի են։ Մի հասարակություն, որն ապրել է աշխարհիկ կյանքով, չի կարող երկար դիմանալ կրոնական կարգերին։

Սակայն պետք չէ մոռանալ, որ իսլամական հեղափոխությունը ընդամենը իրանական ժողովրդի պատասխանն էր շահի կողմից իրականացվող ուժային արևմտականացմանը, երբ իսլամական օրենքները ոտնահարվում էին՝ աշխարհիկն ու արևմտյանը սերմանվում բռնի ուժով։ Եվ այսօր ռեֆորմիստների խիստ ակտիվ գործողությունները կարող են բերել հակառակ արդյունքին՝ է՜լ ավելի բարձրացնելով կրոնական իշխանության ու Ահմադինեժադի վարկանիշը և ամրապնդելով ընտրած ուղու ճշմարտացիության զգացումը։

 

ՈՎ ՈՒՄ ԲԱՐԵԿԱՄՆ է

Իրապես Արևելքը հասկանալն ամենևին էլ դյուրին գործ չէ։ Այսօր Իրանում տեղի ունեցող իրադարձությունները միայն առաջին հայացքից են նմանվում Բարու և Չարի, Հնի և Նորի պայքարին։ Վերջին հաշվով, այսօրվա բարեփոխողներն էլ ժամանակին եղել են իսլամական հեղափոխության ավանգարդում, և հենց իսլամական հեղափոխությունն էլ նրանց հնարավորություն տվեց հասնել այսօրվա բարձունքներին։

 

ՌԱՖՍԱՆՋԱՆԻ

Իրանի Ռաֆսանջան քաղաքի աղքատ գյուղացու ընտանիքում ծնված Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին այսօրվա Իրանի ամենահարուստ մարդն է և դրանով իսկ պարտական է հենց իսլամական հեղափոխությանը։ Ռաֆսանջանին երկրի էներգետիկ համակարգի փաստացի վերահսկողներից մեկն է, նրա ընտանիքի անդամները հիշատակվում են մի շարք խոշոր կոռուպցիոն սկանդալներում։ Ռաֆսանջանին իր քաղաքական կողմնորոշումներով պատկանում է Իսլամական հեղափոխության սոցիալիստական թևին՝ միշտ դեմ է եղել Իրանի մեկուսացմանը արտաքին աշխարհից և եղել է բարենորոգումների մեծ կողմնակից։ Իր կյանքի ընթացքում նա հասցրեց զբաղեցնել Իրանի ամենաազդեցիկ քաղաքական պաշտոնները՝ նախագահ, ՙքաղաքական նպատակահարմարության խորհրդի՚ նախագահ և այլն։ Իրանական վերջին ընտրություններում Ռաֆսանջանին որևէ զգալի ակտիվություն չցուցաբերեց՝ գերադասելով լռություն պահպանել։ Սակայն բոլորին էլ ակնհայտ էր, որ Ռաֆսանջանին բռնել է Մուսավիի կողմը և ամենևին էլ չի պատրաստվում դուրս մնալ երկրի համար այսպիսի խիստ կարևոր գործընթացներից։ Իզուր չէ, որ Թեհրանում սկսված անկարգություններից անմիջապես հետո ձերբակալվեց վերջինիս դուստրը, որը թեպետ շուտով ազատ արձակվեց, սակայն Ռաֆսանջանիի երեխաներին արգելվեց դուրս գալ Իրանից։

 

ՄՈՒՍԱՎԻ   

Միր-Հոսեյն Մուսավին, ինչպես և Իրանի այսօրվա վերնախավի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը, նույնպես իսլամական հեղափոխության արգասիքներից է։ Մուսավին Իրանի հինգերորդ և վերջին վարչապետն էր, երբ Խամենեին նախագահ էր։ Չնայած այսօր Մուսավին հանդես է գալիս որպես բարեփոխումների ազատականացման ջատագով, իր պաշտոնավարման տարիներին հայտնի էր որպես կոշտ և իսլամական հեղափոխության արժեքներով առաջնորդվող քաղաքական գործիչ։ Այնուամենայնիվ, նույնիսկ համատեղ կառավարման տարիներին, Մուսավին և Խամենեին (չնայած որ Մուսավին վերջինիս հորաքրոջ թոռն է) մնում էին գաղափարական հակառակորդներ, իսկ այաթոլլա Խոմեյնիի մահվանից հետո Մուսավին ընդհանրապես հեռացավ քաղաքականությունից` վարչապետության ժամկետը լրանալուց հետո վերադառնալով արվեստագետի իր նախկին մասնագիտությանը։

Այնուամենայնիվ, Մուսավին, 30 տարվա քաղաքական լռությունից հետո վերադարձավ բարեփոխիչներին միավորելու նպատակով։ Խոշոր քաղաքական գործիչներից առաջինը նա աջակցություն ստացավ Իրանի նախկին նախագահ Խաթամիից (որին զիջել էր 1997թ.), այնուհետև Իրանի ամենահարուստ մարդուց՝ Ռաֆսանջանիից։ Մուսավիի ընտրությունը, որպես հակակշիռ Ահմադինեժադին, կարող էր պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով։ Թե° Խաթամին, թե° Ռաֆսանջանին ժամանակին Իրանում եղել են իշխանության գլուխ և հասցրել են մեկական անգամ պարտվել նախագահական ընտրություններում։ Մուսավին ուներ գրեթե անթերի հեղինակություն, իսկ նրա ՙհեղափոխական-ծայրահեղական՚ անցյալը կարելի էր ծածկել պատմության քողի տակ։

Պատմության մյուս հերոսները հայտնի են բոլորին՝ նախկին նախագահ Խաթամին և ներկայիս նախագահ՝ համաշխարհային իմպերիալիզմի գլխավոր թշնամի Մահմուդ Ահմադինեժադը։

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ

Իրանի նման բազմազգ երկրում, այն էլ նման ընտրություններից առաջ, չէր կարող չարծարծվել ազգային հարցը։ Մուսավին ազգությամբ ազերի (ադրբեջանցի) է և հիմքեր ուներ ենթադրելու, որ կստանա վերջիններիս աջակցությունը։ Արդյունքում Մուսավին հաղթեց իրանական երկու օստաններում՝ Արևմտյան Ադրբեջան, Սիստան և Բելուջիստան։ Արևմտյան իրավապաշտպանները ենթադրում էին, որ Մուսավին պետք է հաղթեր բոլոր այն օստաններում, որտեղ գերակշռում էին ազգային փոքրամասնությունները։ Հիմնավորումը պարզ էր՝ ժողովրդավարության պակասի դեպքում, առաջինը պետք է ընդվզեն ազգային փոքրամասնությունները։ Սակայն պետք չէ մոռանալ, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նույնպես ադրբեջանցի է, իսկ Ահմադինեժադը՝ թալիշ։ Հետևաբար, ՙեթե ադրբեջանցի Մուսավին չի հաղթել Արևելյան Ադրբեջանում, ուրեմն Ահմադինեժադը կեղծել է ընտրությունները՚` ոչ այլ ինչ է, քան տարրական ազգային խտրականություն։

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խոստումները 1997թ. օգնեցին Խաթամիին գալ իշխանության: Այս անգամ նույն հաղթաթուղթը փորձում էր խաղարկել Մուսավին։ Իզուր չէ, որ Արևելյան Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ Մուսավին հայտարարեց. «Ես Ադրբեջանի որդի եմ» և դիմեց ժողովրդին իր իսկ լեզվով։ Նույն սկզբունքով փորձում էր շարժվել նաև նախագահության մյուս թեկնածուն՝ ազգությամբ լուրի Մեհդի Քյարրուբին, որը, սակայն, իր հարազատ Լուրիստանում ստացավ ընտրողների ձայների ընդամենը 4,6%-ը։

Ազգային հարցի շահարկումը Իրանում հղի է բավական լուրջ վտանգներով, որոնք վերջիվերջո կարող են հանգեցնել Իրանի պետականության կազմալուծմանը։ Դա չեն կարող չհասկանալ նախագահության թեկնածուները։ Հետևաբար, չնայած ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցերը մտան Մուսավիի նախընտրական ծրագրի մեջ, այնուամենայնիվ, միջէթնիկական բախումների հարցը դեռ չի հասել։ Եվ վերջին հաշվով, նույն ադրբեջանցի գյուղացուն ավելի հոգեհարազատ է ՙհասարակ տղա՚ Ահամդինեժադը, քան մեծարգո պարոն Մուսավին։

Իրանում ազգային հարցի շահարկումը միմիայն դրսի ուժերի շահերից է և այն էլ` ոչ բոլորի։ Այն դեպքում, երբ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ջանում է պատվով դուրս գալ Իրաքից, ևս մեկ լարվածության աղբյուր պարզապես կարող է հյուծել վերջինիս ուժերը։ Լարվածության և նույնիսկ պատերազմի դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները համաշխարհային խաղաղարարի իրենց դեմքը պահելու համար ստիպված կլինեն ներքաշվել գործընթացներում, ինչն այս պահին, կարծես թե, նրանց շահերից չի բխում։

Եվ վերջին հաշվով, պարսիկները, որոնց երկրի գերագույն ղեկավարը ադրբեջանցի է, նախագահը` թալիշ, իսկ նախագահական հավակնություններ ունեցող թեկնածուներից 3-ը պարսիկ չեն, ազգային հարց բարձրացնելու լիակատար իրավունք ունեն։

ԱՐԵՎԵԼՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

Գալով իշխանության «մեր օրերի Ռուզվելտը» հայտարարեց, որ հրաժարվում է իր նախկինի՝ Բուշի վարած քաղաքականությունից Իրանի նկատմամբ։ Այլևս ԱՄՆ-ը չի պատրաստվում զենքի ուժով կանգնեցնել Իրանի միջուկային ծրագիրը կամ փոխել վարչակարգը։ Եվս մեկ Իրաք ԱՄՆ-ին պետք չէ։ Սակայն միջուկային հարցը Օբամային անհրաժեշտ է լուծել ամեն գնով, ականջի հետև գցելու, կամ չտեսնել տալու ոչ մի հնարավորություն նա չունի։ Եթե չլուծի Օբաման, հնարավոր է, ուրիշների մոտ արթնանա նման ցանկություն։ Օբամայի առաջին արձագանքը իրանական ընտրություններին և նրան հաջորդող գործողություններին առավել քան զուսպ էր. իրանական ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ով կլինի իր նախագահը (ցանկալի է, իհարկե, որոշի Մուսավիի օգտին)։ Օբամայի կարծիքով` ԱՄՆ-ի և իր շահերի տեսակետից մեծ տարբերություն չկա, թե ով կլինի Իրանի նախագահը՝ Մուսավին, թե Ահմադինեժադը։ Չէ՞ որ հենց Մուսավիի վարչապետության օրոք էր վերագործարկվել իրանական միջուկային ծրագիրը։ Օբամայի նման պահվածքը չէր կարող բավարարել մոր կաթի հետ ժողովրդավարություն ստացած ամերիկացիներին, առավել ևս այն բանից հետո, երբ սկսեցին ցուցադրել սպանված ցուցարարներին։ Օբամայի դանդաղկոտությունը իրանական հարցում միանգամից սկսեցին օգտագործել հանրապետականները։ Այսուհետ Օբաման սկսեց ավելի կոշտ խոսել Ահմադինեժադի մասին, սակայն ակնհայտ հակաիրանական որևէ միջոց չձեռնարկեց։

Վերջին հաշվով, Ահմադինեժադի վերընտրությունը նման գնով նույնիսկ ձեռնտու է ԱՄՆ-ին։ Միգուցե հնարավոր լինի Ահամդինեժադի հետ գալ որոշակի պայմանավորվածությունների, այսինքն` Օբաման լռում է ընտրությունների հարցում, Ահմադինեժադը զիջում է մի շարք կարևոր հարցերում։ Մյուս կողմից, եթե Ահմադինեժադը շարունակի ընդդիմության նկատմամբ բռնությունները և գնա զիջումների արտաքին քաղաքականության հարցում, ԱՄՆ-ին հեշտ կլինի համոզել աշխարհին Իրանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։

Ֆրանսիացիները նման դեպքում ասում են՝ «chercher la femme»։ Մեր օրերում եթե ինչ-որ տեղ հեղափոխության հոտ է գալիս, ապա անպայման պետք է փնտրել բրիտանացիներին։ Ահմադինեժադը փնտրեց և ՙգողացավ՚ մի շարք բրիտանացի դիվանագետների, որոնց հետո, որպես բարի կամքի դրսևորում, ազատ արձակեց, սակայն երկու դիվանագետների այնուամենայնիվ, շառից ու փորձանքից հեռու, արտաքսեցին երկրից։ Նման կերպ Ահմադինեժադը վարվեց նաև 2007թ., գերեվարելով և ազատ արձակելով բրիտանացի նավաստիներին։ Առաջնորդվելով աստվածաշնչյան ՙակն ընդ ական, ատամն ընդ ատաման՚ սկզբունքով` բրիտանացիները արտաքսեցին երկու իրանցի դիվանագետների։

Բրիտանացիները սպասում էին, որ միացյալ Եվրոպան համատեղ ուժերով պատասխան կտա Ահմադինեժադի նման պահվածքին, կանցնի տնտեսական պատժամիջոցների, կգնա Իրանի մեկուսացմանը։ Սակայն Եվրոպան չի շտապում դիմել նման քայլերի. հետևանքները կարող են շատ ծանր լինել (թե՜ քաղաքական, թե՜ տնտեսական առումներով): Փոխարենը սուր քննադատության է ենթարկում Խամենեին, Ահմադինեժադին և մյուս «հակաժողովրդավարական» տարրերին։

Աշխարհն այսօր չունի միասնական մոտեցում իրանական հարցում։ Ռուսները կընդդիմանան, որ Արևմուտքը հաստատվի Իրանում, ամերիկացիները դեմ չեն լինի ռեժիմի փոփոխությանը, սակայն պատրաստ չեն անմիջական քայլերի, եվրոպացիները հազիվ են սովորել 60 դոլար/բարել փոխարժեքին։

Ո՞ՒՄ ՋՐԱՂԱՑ է ԼՑՎՈՒՄ ՋՈՒՐԸ

 Իրանում ստեղծված իրավիճակը առաջին հերթին ձեռնտու է Իսրայելին։ Հրեաները, հատկապես Նեթանյահուի իշխանության գալուց հետո, անընդհատ պնդում են իրանական միջուկային ծրագիրը զենքի ուժով կանգնեցնելու անհրաժեշտությունը։ Նման փորձ իսրայելն ունի։ 1981թ. Իսրայելի օդուժը անակնկալ ռմբակոծության ենթարեց իրաքյան Օսրիաք միջուկային ռեակտորը` մեկընդմիշտ վերջ դնելով Սադամի միջուկային նկրտումներին։ 2007թ. սեպտեմբերին Իսրայելի օդուժը նորից հանկարծակի հարված հասցրեց այս անգամ սիրիական կիսակառույց միջուկային ռեակտորին։ Այսպիսով Իսրայելը, որը մինչ այժմ պաշտոնական մակարդակով չի ընդունել միջուկային զենքի տիրապետելու փաստը, մնում է միակ միջուկային երկիրը տարածաշրջանում։ Այսօր նրա միակ մրցակիցը Իրանն է, և այս իրողությունը հանգիստ չի տալիս հրեաներին։

Ահմադինեժադի` ցուցարարների դեմ պայքարի մեթոդները ջուր են լցնում հրեաների ջրաղացին։ Տրամաբանությունը մեկն է. եթե այսօր այս ռեժիմը սպանում է խաղաղ ցուցարարներին, ապա վաղը, տիրապետելով միջուկային զենքի, կարող է սպառնալ ամբողջ աշխարհին։ Ընտրությունների օրը` հունիսի 12-ին, “The Wall Street Journal” պարբերականում լույս տեսավ ամերիկացի վերլուծաբան Ջոն Բոլթոնի ՙԻնչ կլինի, եթե Իսրայելը հարվածի Իրանին՚ հոդվածը։ Վերլուծելով հնարավոր 6 սցենարները` Բոլթոնը գալիս է այն եզրակացության, որ իրանական պատասխանը կվնասի Իսրայելին, սակայն կարող է լինել ավելի վնասակար, եթե Իրանը տիրապետի միջուկային զենքի։ Ընդ որում, Իսրայելի համար զգալի տարբերություն չկա, թե վերջին հաշվով ով կլինի Իրանի նախագահը` Մուսավի՞ն, թե՞ Ահմադինեժադը։ Մուսավին բազմիցս հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է հրաժարվի իր միջուկային ծրագրերից, սակայն պատրաստ է բանակցությունների։

Իսրայելի ջրաղացին ջուր լցրեց նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը։ Հուլիսի 5-ին փոխնախագահը հայտարարեց, որ Իսրայելն իրավունք ունի ինքնուրույն որոշել` հարվածե±լ Իրանին, թե՞ ոչ։ Այսինքն` ԱՄՆ-ը չի խառնվի, չի օգնի հրեաներին, բայցևայնպես, չի էլ խանգարելու։

Ինչքան երկար ձգվի ներքաղաքական լարվածությունը Իրանում, այնքան ծանրակշիռ կդառնան Իրանը ռմբակոծելու Իսրայելի հիմքերը, և այնքան հեշտ կարող են հրեաները հասնել Իրանի միջազգային մեկուսացմանը։

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ

Այն բանից հետո, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատեց Ահմադինեժադի հաղթանակը, պայքարն ընդդիմության դեմ դուրս եկավ իրավական դաշտից։ Այսօր Մուսավիին մնում է միայն մի բան` զանգվածային ցույցերի, անհնազանդությունների միջոցով կրկնել իսլամական հեղափոխությունը։ Այնուամենայնիվ, չնայած արևմտյան լրատվամիջոցները Ահմադինեժադին ներկայացնում են որպես չընդունված, ապօրինի նախագահ, վերջինիս վարկանիշը իրանցիների՝ հատկապես աղքատ խավի շրջանում, բավական բարձր է։ Գիտակցելով այս ամենը` Ահմադինեժադը իշխանությունը հենց այնպես չի զիջի։ Միգուցե Մուսավիի գլխավոր աջակիցները` Խաթամին և Ռաֆսանջանին գտնեն ընդհանուր լեզու Ալի Խամենեիի հետ, ստանան նրանից որոշակի զիջումներ իրենց համար կարևոր հարցերում և բարեփոխումները Իրանում թողնեն ապագա սերունդներին։ Սակայն եթե Ահմադինեժադը չկարողանա ժամանակին և արդյունավետ միջոցներով ընդդիմությանը հետ բերել իրավական դաշտ, Իրանին սպասում են շատ լուրջ փորձություններ` ներքին և արտաքին վտանգների համադրությամբ։

Իրանի ազատականացումը (առաջին հերթին, տնտեսական դաշտում) վերջին հաշվով ձեռնտու է նաև Հայաստանին։ Այս դեպքում Հայաստանը կարող է հանդես գալ որպես տնտեսական, մշակութային միջնորդ Իրանի և Արևմուտքի միջև։ Իրանի ազատականացումը ընդամենը ժամանակի հարց է. Ո’չ Ահմադինեժադը և ո’չ էլ որևէ այլ ոք, ի զորու չէ պահել Իրանը մեկուսացման մեջ, Իրանը պարտավոր է մասնակցել համաշխարհային գործընթացներին, որպեսզի հետ չմնա մյուս երկրներից։

 Հաբեթ Մադոյան

                                                                                                                                               Business Class N3(15) ՀՈՒԼԻՍ-ՕԳՈՍՏՈՍ

Comments are closed.

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են