ԱՄՆ-Ի ՏԵՍԱԴԱՇՏԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑՈՂ ԱՄԵՐԻԿԱ

By admin | Nov 28, 2009

«ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ

1776թ. հիմնադրված Ամերիկայի Միացյալ Նահանգները Հին աշխարհի հետ իր քաղաքականությունը կառուցում էր միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա։ 1823թ. ԱՄՆ-ը հռչակեց Մոնրոյի դոկտրինան, ըստ որի` եվրոպական ցանկացած երկրի միջամտություն Ամերիկաների գործերին դիտվում էր որպես ագրեսիա և ԱՄՆ-ին տալիս էր հակազդելու իրավունք։ Նախագահ Մոնրոն այս հայտարարությամբ փորձում էր կանխել եվրոպական երկրների հնարավոր միջամտությունը Լատինական Ամերիկայի երկրների անկախության համար մղվող պայքարին։ Սակայն 1914 և 1941 թթ. ԱՄՆ-ը խախտեց չմիջամտելու իր սկզբունքը՝ սկսելով ձևավորել համաշխարհային գերտերություն։ Այսօր արդեն ԱՄՆ-ի ռազմավարական շահերի տիրույթը լայն աշխարհագրական ընդգրկում ունի։ Սակայն, զբաղված լինելով համաշխարհային ահաբեկչության դեմ եռանդուն պայքարով, ԱՄՆ-ը իր ուշադրության կենտրոնից բաց է թողել անմիջապես իր «քթի տակ» ծավալվող գործընթացները։ Փոխարենը տարածաշրջանում իր ակտիվությունն է մեծացնում համաշխարհային գեոքաղաքականության ծագող աստղը` ի դեմս Չինաստանի։ Իսկ հետճգնաժամային նոր իրողությունները նպաստում են համաշխարհային գեոքաղաքականության «նոր ճարտարապետության» կերտմանը։

ՁԱԽ ԱՄԵՐԻԿԱ

Խորհրդային Միության փլուզումից հետո ակնկալվում էր ձախ (սոցիալիստական, կոմունիստական, մարքսիստական) գաղափարների անկում։ Սակայն միաբևեռ կապիտալիստական աշխարհը չկարողացավ լուծել աշխարհի սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչն առաջացրեց ձախ ուժերի ակտիվացում։ Հարավային Ամերկայում ձախ ուժերի ակտիվացումը պատասխան էր տնտեսական թույլ զարգացման, աղքատության բարձր մակարդակի և ընդվզման դրսևորում` ԱՄՆ-ի քաղաքականության դեմ։ Ձախերն այսօր իշխանություն ունեն Կուբայում, Վենեսուելայում, Բոլիվիայում, Էկվադորում, Հոնդուրասում։ Բնականաբար, գալով իշխանության` ձախերը սկսում են վարել սոցիալիզմի ոգուն համահունչ քաղաքականություն։

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը պետականացրեց երկրի գլխավոր գազարդյունաբերող ընկերությունները։ Արդյունքում գազով հարուստ Սանտա Կրուզ նահանագը սկսեց պահանջել ինքնավարություն, նույնիսկ անցկացրեց համապատասխան հանրաքվե։ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը պետականացրեց էլեկտրականություն տրամադրող գլխավոր ընկերությունները, ինչպես նաև ցեմենտ արտադրող 3 ընկերություններ։ Էկվադորի նախագահը հրաժարվեց իր երկրի բոլոր արտաքին պարտքերից։

Ամերիկայի ձախ շրջադարձը որքան նյարդայնացնում է ազատական Արևմուտքին, այնքան ուրախացնում է աշխարհի «ձախ» հատվածին` Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա, Ռուսաստան։ Սակայն չնայած ձախակողմյան հոսանքը տեմպ է հավաքում, այնուամենայնիվ տարածաշրջանի մյուս հզոր երկրները աշխատում են վարել ավելի հավասարակշռված քաղաքականություն` չհակադրվելով աշխարհի հզորներին։ Փորձագետներից շատերի կարծիքով` Հարավային Ամերիկայում իրական տարածաշրջանային գերտերություն դառնալու ամենամեծ հավանականությունն ունի Բրազիլիան։ Նախագահ Լուլայի զգուշավոր արտաքին քաղաքականության շնորհիվ այսօր այս երկիրն ունի լավ հարաբերություններ տարածաշրջանի բոլոր երկրների ու միաժամանակ ԱՄՆ-ի հետ։ Սակայն վերջին տարիների ընթացքում Բրազիլիան ավելի շատ է սկսել ուշադրություն դարձնել իր հարաբերություններին աֆրիկյան և ասիական երկրների հետ։

ԱՄՆ-Ը ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ

Ֆրանկլին Ռուզվելտը Նիկարագուայի արյունոտ բռնակալ Սոմոսայի մասին ասել էր. «Սոմոսան, իհարկե, շան տղա է, բայց նա մեր շան տղան է»։ Ռուզվելտի այս արտահայտությամբ կարելի է բնութագրել ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում 20-րդ դարի սկզբից մինչև սառը պատերազմի ավարտը։ Այս ընթացքում տարածաշրջանում իրականացված հեղափոխությունների քանակը հաշվվում է տասնյակներով, և դրանք գրեթե ամբողջությամբ իրականացվել են ԱՄՆ-ի աջակցությամբ`  ձախակողմյան կառավարությունների տապալմամբ և բռնապետությունների ձևավորմամբ։

ԱՄՆ-ի և մնացյալ Ամերիկայի միջև հերթական հակամարտությունը այս անգամ կապված էր Կոլումբիայում ԱՄՆ-ի ռազմական հենակետերի տեղակայման հետ։ Ավելի շուտ, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ԱՄՆ-ը իրավունք է ստանում օգտագործել կոլումբիական 6 ռազմական հենակետ։ Ըստ պաշտոնական աղբյուրների` ռազմական հենակետերն օգտագործվելու են թմրաբիզնեսի և FARC ծայրահեղական ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։ Ձախ նախագահները, բնականաբար, չեն հավատում ԱՄՆ-ի բարի նպատակներին` ենթադրելով, որ այս ռազմակայանները կօգտագործվեն տարածաշրջանում ճնշումներ իրականացնելու համար։ Մասնավորապես նման անհանգստություն ունի Էկվադորը, որին Կոլումբիայում մեղադրում են FARC-ին աջակցելու համար։ Իհարկե, թիվ մեկ ընդվզողը, ինչպես միշտ, Չավեսն է։ Նա խոստացավ խզել դիվանագիտական հարաբերությունները Կոլումբիայի հետ, կոչ արեց իր ժողովրդին պատրաստվել պատերազմի և նոր թափով սկսեց վերազինել բանակը։ Արտահերթ վեհաժողովի հավաքված Հարավամերիկյան ժողովուրդների միությունը (UNASUR), չնայած արտահայտեց իր անհանգստությունը տարածաշրջանում օտար ուժերի տեղաբաշխման վերաբերյալ, սակայն կարծես թե ըմբռնումով մոտեցավ Կոլումբիայի դիրքորոշմանը։

Չնայած Չավեսի և նրա կողմնակիցների ակտիվ աշխատանքին, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են նայում ԱՄՆ-ին որպես «պոզավոր սատանայի»։ Միացյալ Նահանգներն ունի դաշնակիցներ` ի դեմս Մեքսիկայի, Կոլումբիայի և Չիլիի։ Այսօր ԱՄՆ-ը փորձում է համոզել տարածաշրջանի երկրներին, որ «Հարուստ Հյուսիս – Աղքատ Հարավ» սկզբունքն այլևս արդիական չէ իր արտաքին քաղաքականության մեջ։ Այսօր Օբաման կոչ է անում համագործակցել հավասարության հիմունքների վրա։ ԱՄՆ-ը արդեն կնքել է ազատ առևտրի պայմանագրեր Չիլիի և Պանամայի հետ, ինչը հնարավորություն է տալիս վերջիններիս առանց արգելքների մտնել ԱՄՆ-ի շուկա։ Ամերիկյան երկրների վերաբերմունքն իրենց հյուսիսային հարևանի նկատմամբ առավել քան տրամաբանական է և հիմնված է պատմական իրողությունների վրա։ Նույնիսկ Ամերիկաների ազատական կառավարությունները խուսափում են ԱՄՆ-ի հետ զգալի մերձեցումից` վախենալով երկրորդականի, կախյալի դերում հայտնվելուց։ Այսօր ԱՄՆ-ը իր ամբողջ դիվանագիտությունը գործի է դրել մասնավորապես Ամերիկայի ամենախոշոր պետության (տնտեսության)` Բրազիլիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ Սակայն տնտեսապես հզոր Բրազիլիան ԱՄՆ-ի սիրախաղերին դեռ պատասխանում է ընդամենը զգուշավոր լավատեսությամբ։

ԲՈԼԻՎԱՐՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

2004թ. անհագիստ Ուգոն և իր վաղեմի բարեկամ Ֆիդել Կաստրոն հիմնեցին «Բոլիվարյան այլընտրանք Ամերիկաների համար» (ALBA) կազմակերպությունը։ Ճիշտ է, հինգ տարի անց «այլընտրանք» բառը փոխարինվելու էր «միություն» բառով, սակայն նրա նպատակները մնալու էին նույնը` ձևավորել այլընտրանք ԱՄՆ-ի կողմից առաջարկվող տարածաշրջանային համագործակցության ծրագրերին։ ALBA-ի ստեղծման հիմնական նպատակը ոչ թե անդամ երկրների միջև առևտրի ազատականացումն էր, այլ համատեղ կայուն տնտեսական զարգացումը, քաղաքական, մշակութային, սոցիալական ինտեգրումը և փոխօգնությունը։ 2007թ. Բոլիվիայի նորընտիր, նորից ձախ նախագահ Էվո Մորալեսը որոշեց միանալ բոլիվարյան այլընտրանքին։ Այսօր ALBA-ն ունի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի 9 անդամ-երկիր։ Այն նախատեսում է հիմնել հարավամերիկյան միջազգային բանկ, թողարկել սեփական տարածաշրջանային տարադրամը (SUCRE)։

ALBA-ն փորձում է նաև անմասն չմնալ քաղաքական հարցերից և աջակցել իր անդամներին՝ «իմպերիալիստական աշխարհի» դեմ մղվող պայքարում։ Այսպես, երբ Բոլիվիայի Սանտա Կրուզ նահանգում 2008թ. անցկացվում էր չարտոնված ինքնորոշման հանրաքվեն, ALBA-ն հավաքեց արտահերթ գագաթաժողով։ Ընդունված հայտարարությամբ` անդամ-երկրներն իրենց աջակցությունը հայտնեցին նախագահ Էվո Մորալեսին, բանադրեցին Սանտա Կրուզի անջատողական շարժումը և կոչ արեցին լինել միասնական «համաշխարհային իմպերիալիզմի» դեմ մղվող պատերազմում։ ALBA-ն չլռեց նաև, երբ Հոնդուրասում (նույնպես ALBA-ի անդամ), ռազմական հեղափոխության արդյունքում իշխանությունից զրկվեց Մանուել Զելայան։ Անդամ-երկրները որոշեցին հետ կանչել իրենց դեսպաններին Հոնդուրասից, չճանաչել նոր իշխանություններին և պատժամիջոցների ու բանակցությունների միջոցով վերադարձնել Զելայային իշխանության։

ԱՄՆ-ի համար ALBA-ն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու գործում։ 1994թ. սկսած ԱՄՆ-ը փորձում էր առաջ մղել տարածաշրջանային համագործակցության իր մոդելը՝ FTAA (Free Trade Area of Americas), որը, սակայն, ոչ մի աջակցություն չստացավ տարածաշրջանի թե՛ ձախ, թե՛ լիբերալ իշխանությունների կողմից։ Եվ ահա, պոպուլիստ Չավեսը կարողացավ իր շուրջ միավորել միանգամից 9 երկիր։ Ճիշտ է, այդ երկրները դեռևս տարածաշրջանի ամենահզորները չեն, սակայն դեպքերի հաջող ընթացքի պարագայում ALBA-ն անշուշտ կընդլայնի իր սահմանները։

Իզուր չէ, որ Հոնդուրասում տեղի ունեցած հեղափոխությունը կապում են առաջին հերթին Վաշինգտոնի հետ, որը միշտ էլ զգալի ազդեցություն է ունեցել այս երկրի բանակի վրա։ Զելայան մեծահարուստ գործարար էր, որն իշխանության եկավ նոր լիբերալիզմի գաղափարներով, սակայն մատնվելով անհաջողության և անուշադրության (ԱՄՆ-ի կողմից)` ժամանակի ընթացքում թեքվեց ձախ, անդամակցեց ALBA-ին և միացավ կապիտալիզմի դեմ ուղղված «խաչակրաց» արշավանքին։ Ճիշտ է, Սպիտակ տունը ամեն կերպ հերքում է իր մասնակցությունը հեղափոխությանը, սակայն վերջինիս հաջողության դեպքում այն պետք է ազդակ ծառայի տարածաշրջանի մյուս երկրների համար և նախանշի հին ու բարի ԱՄՆ-ի վերադարձը։

ՎԻՇԱՊԸ ՋՈՒՆԳԼԻՈՒՄ

Մինչև 1990-ական թթ. Չինաստանի ներկայությունը Հարավային Ամերիկայում ավելի շատ մշակութային բնույթ էր կրում։ Չինաստանը կարծես թե ինքն էր հետևում Մոնրոյի դոկտրինային։ Սակայն 2001թ. հետո, երբ ԱՄՆ-ը ամբողջովին կլանվեց մերձավորարևելյան խնդիրներով, Չինաստանը սկսեց ակտիվանալ Հարավային Ամերիկայում։ 2008թ. նոյեմբերին Չինաստանի կառավարությունը հրապարակեց իր պաշտոնական քաղաքականության դրույթները Հարավային Ամերիկայում և Կարիբյան ավազանում։ Առաջին հայացքից փաստաթղթում ոչ մի արտառոց բան չկա, նկարագրվում է այն ամենը, ինչ Չինաստանը արել է մինչ այժմ, և հաստատվում է, որ շարունակելու է գործել նույն ոգով։ Սակայն այս փաստաթղթով Չինաստանը ցույց տվեց, որ Լատինական Ամերիկան իր ռազմավարական շահերի տիրույթում է, մի բան, որը դժվար կլիներ անել, եթե ԱՄՆ-ը հետևողականորեն իրագործեր Մոնրոյի դոկտրինան։ Փաստաթուղթը հրապարակվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի օրերին, հետևաբար այն չէր կարող քննադատաբար ընդունվել ԱՄՆ-ի կողմից, կամ վատացներ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Ճգնաժամի պայմաններում դժվար կլիներ մեղադրել Չինաստանին ներդրումների և առևտրի զարգացման միջոցով աշխարհաքաղաքական ազդեցություն տարածելու համար։

Չինաստանը Հարավային Ամերիկայում հետապնդում է մի շարք կարևոր խնդիրներ։ Նախ, այն կարող է օգտվել տարածաշրջանի էներգետիկ` հիմնականում նավթի պաշարներից, ինչը հնարավորություն կտա թեթևացնելու կախվածությունը անկայուն Մերձավոր Արևելքից։ Չինաստանը պատրաստվում է 16 մլրդ դոլար ներդնել Վենեսուելայի նավթային արդյունաբերության մեջ։ Բրազիլական Petrobras ընկերության հետ կնքվել է 10 մլրդ դոլար վարկավորման ծրագիր, որի դիմաց մոտակա 10 տարվա ընթացքում Բրազիլիան Չինաստան կարտահանի օրական 200 հազար բարել նավթ։ Չինաստանի տնտեսական քաղաքականությունը Հարավային Ամերիկայի նկատմամբ նման չէ հարուստ-աղքատ հարաբերություններին, այլ ստանում է փոխադարձ շահավետ երանգներ։ Չինաստանի համար Հարավային Ամերիկան մեծ և զարգացման ներուժ ունեցող շուկա է, սակայն նույն կերպ են դիտում Չինաստանին նաև լատինաամերիկյան երկրները։ Եթե 2000թ. տարածաշրջանի և Չինաստանի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում էր ընդամենը 12,5 մլրդ դոլար, ապա 2008թ. այն արդեն հասել էր 143,4 մլրդ դոլարի։ 2009թ. մայիսին Չինաստանը դարձավ Բրազիլիայի թիվ 1 առևտրային գործընկերը` հետ մղելով արդեն 80 տարի այդ դիրքում գտնվող ԱՄՆ-ին։ Շուտով Չինաստանը կդառնա նաև Չիլիի թիվ 1 գործընկերը։

Բացի տնտեսական շահից, Չինաստանը այս տարածաշրջանում նաև քաղաքական նպատակներ է հետապնդում։ Բարձրացնելով իր հեղինակությունը Հարավային Ամերիկայում` Չինաստանը միջազգային հարցերում կարող է ապավինել տարածաշրջանի երկրների աջակցությանը` մասնավորապես արգելակելով Թայվանի անկախության ճանաչումը։

Չինաստանի քաղաքականության հաջողությունը տարածաշրջանում պայմանավորված է մի կարևոր գործոնով. Չինաստանը չի հետաքրքրվում գործընկերների ներքին քաղաքական հարցերով։ Չինաստանը պատրաստ է ներդրումներ իրականացնել տարածաշրջանում` չնայելով ընդունող երկրում առկա ժողովրդավարության աստիճանին, կամ մարդու իրավունքների պաշտպանությանը, այնինչ ԱՄՆ-ը յուրաքանչյուր հարմար կամ անհարմար առիթով խառնվում է տարածաշրջանի երկրների ներքին քաղաքական հարցերին` առաջացնելով տեղական էլիտայի զայրույթը։

Սակայն որքան էլ Չինաստանը մրցակցում է ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ չի պատրաստվում միանալ տարածաշրջանի ձախերի հակաամերիկյան արշավանքին։ Չինաստանը վիշապին հատուկ անդրդվելիությամբ ուղղակի գրավում է տարածաշրջանը։

ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՌԵԿՈՆԿԻՍՏԱ

Հարավում ԱՄՆ-ի ամենամեծ բարեկամը Մեքսիկան է։ Առաջին հայացքից մեքսիկացիները ԱՄՆ-ին սիրելու պատճառներ չպետք է ունենան։ 1846-1848 թթ. ամերիկա-մեքսիկական պատերազմից հետո կնքված հաշտության պայմանագրով` մեքսիկացիները կորցրեցին մոտ 1,3 մլն ք/կմ տարածք (այժմյան ԱՄՆ-ի Յուտա, Կալիֆորնիա, Տեխաս, Նևադա նահանգները և այլն)։ Մինչ այսօր մեքսիկացիներից շատերն այս տարածքները համարում են ամերիկացիների կողմից «օկուպացված» և երազում են վերադարձնել իրենց։ Սակայն պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնել հյուսիսային հարևանին և՛ վտանագավոր է, և՛ ոչ ձեռնտու տնտեսական տեսակետից։

Մեքսիկան իրենը համարող տարածքները վերադարձնելու համար դիմում է էքսպանսիայի ժամանակակից մեթոդներին` մշակութային և առաջին հերթին` ժողովրդագրական։ ԱՄՆ-ի ներգաղթի մասին բարենպաստ օրենսդրությունը, սահմանի առավել քան բաց լինելը մեքսիկացիներին թույլ է տալիս մեծ արագությամբ յուրացնել սահմանակից նահանգները, ինչպես ժամանակին սպիտակ եվրոպացիները յուրացնում էին Վայրի Արևմուտքը։ Քանի որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև առկա է կենսամակարդակների զգալի տարբերություն, մեքսիկացիներին պետք չէ շատ համոզել ԱՄՆ արտագաղթելու համար։

Մասնավորապես 2008թ. Կալիֆորնիայում իսպանախոս բնակչությունը կազմում էր ընդհանուր բնակչության 36,6%-ը, այնինչ բնիկ անգլախոս ամերիկացիները` ընդամենը 42,3%-ը։ Նավթով հարուստ Տեխասում իսպանախոսները կազմում են բնակչության 36,5%-ը, սպիտակները` 47,4%-ը, Նյու Մեքսիկո նահանգում իսպանախոս բնակչությունը գերազանցում է անգլախոսներին` 44,9% – 41,7% հարաբերությամբ։ Ըստ կանխատեսումների` մինչև 2050թ. իսպանախոս բնակչությունը կկազմի Կալիֆորնիայի մեծամասնությունը և ԱՄՆ-ի ընդհանուր բնակչության առնվազն 1/3-ը։

Այսօր թե՛ Կալիֆորնիայում և թե՛ «մեքսիկական» համարվող մյուս նահանգներում ներգաղթած մեքսիկացիներն ունեն լուրջ քաղաքական կշիռ, կազմակերպված են, առաջ են քաշում մշակութային ինքնավարության գաղափարները և նույնիսկ պահանջում ոչ այլ ինչ, քան անկախություն։ Մասնավորապես Կալիֆորնիայում գործող մեքսիկական MEChA ուսանողական կազմակերպությունը պահանջում է վերադարձնել իրենց հայրերի հողերը, որոնք առավել քան մեկ դար առաջ օկուպացրել են ամերիկացիները։ Մեքսիկացիներն այսօր նաև պայքարում են ԱՄՆ-ի որոշ նահանգներում իսպաներենը որպես պաշտոնական լեզու ճանաչելու համար։

Հասկանալով, որ կորցրած տարածքները զենքի ուժով վերադարձնելն անհնար է, մեքսիկացիները նվաճում են այն բնակչությամբ։ Հաշվի առնելով նաև այն փաստը, որ նոր ներգաղթած մեքսիկացիները հիմնականում հաստատվում են այն վայրերում, որտեղ առկա է արդեն իսկ ձևավորված համայնք, վերջիններիս ձուլումը անգլոամերիկացիների հետ դառնում է անհնար։ Այսօր ամերիկացի շատ քաղաքագետներ (հիմնականում հանրապետական թևից) հոռետեսորեն պնդում են, որ 50 տարի հետո ԱՄՆ-ը ուղղակի կկորցնի իր հարավային նահանգները։

Հաբեթ Մադոյան

“Business Class” N 4(16) ՆՈՅԵՄԲԵՐ

Comments are closed.

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են