
ՁԿՆՈՐՍԱԿԱՆ ԿՂԶՈՒՑ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Սինգապուրի ու նրա տնտեսական աննախադեպ հաջողությունների մասին շատ է խոսվել և խոսվում է նաև այսօր։ Փոքրիկ մի կղզու վրա ծվարած այս քաղաք-պետության տնտեսական զարգացման մոդելը դարձել է ժամանակակից տնտեսագիտական բազմաթիվ ուսումնասիրությունների առարկա, ինչպես նաև պետականաշինության ուղենիշ շատ երկրների համար։ Անկախություն ձեռք բերելով ոչ հեռավոր 1965թ.` Սինգապուրին չորս տասնամյակների ընթացքում հաջողվեց դառնալ աշխարհի ամենաբարեկեցիկ և առաջավոր տնտեսություն ունեցող երկրներից մեկը։ Սինգապուրից շատ բան կարող է սովորել նաև Հայաստանը, որովհետև ի տարբերություն Սինգապուրի` մենք դեռ չենք պատասխանել ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի հարցերի, ինչպիսիք են «Որտե՞ղ ենք մենք, ո՞ւր ենք գնում և ինչպե՞ս ենք գնում»։
ԴԺՎԱՐԻՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ
1819թ. անգլիացի պետական և քաղաքական գործիչ սըր Թոմաս Ռաֆըլսի կողմից Մալայան թերակղզու ամենահարավային կետում Սինգապուր քաղաքը հիմնելուց շատ չանցած` բրիտանացիներին հաջողվեց տարածաշրջանից դուրս մղել ֆրանսիացիներին, իսկ այնուհետև նաև հոլանդացիներին, և Սինգապուրը դարձավ Բրիտանական կայսրության առևտրային ու ռազմական գլխավոր հենակետը Հարավ-արևելյան Ասիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում` 1942 թ., ճապոնացիները գրավեցին Սինգապուրը, իսկ այդ ճակատամարտում բրիտանացիների կրած պարտությունը Ուինսթոն Չերչիլը հետագայում անվանեց Բրիտանիայի պատմության «ամենամեծ աղետը»։
1963թ., անկախանալով Մեծ Բրիտանիայից, Սինգապուրը դարձավ Մալայան Դաշնության անդամ։ Սակայն երկու տարի անց, հիմնականում ազգամիջյան խնդիրների պատճառով (Սինգապուրի բնակչության զգալի մասը չինացի էին), Սինգապուրը դուրս եկավ Դաշնության կազմից և հայտարարեց իր անկախությունը։ Սինգապուրի անկախության առաջին տարիներին ոչ ոք չէր հավատում, որ այն կարող է կայանալ որպես ինքնուրույն պետական միավոր։ Վերլուծաբանները համոզված էին, որ Սինգապուրը կկործանվի, հենց որ այնտեղից դուրս բերվեն բրիտանական ռազմական ուժերը, որոնք այդ պահին ապահովում էին Սինգապուրի ՀՆԱ-ի զգալի մասը։ 1965թ. Sidney Morning Herald թերթը գրում էր. «Անկախ Սինգապուրը դեռ երեք տարի առաջ չէր դիտարկվում որպես կենսունակ ձևավորում, և այս պահին ոչինչ հիմք չի տալիս ենթադրելու, որ այն կլինի ավելի կենսունակ»։
Ի հեճուկս բոլոր հոռետեսների` Սինգապուրը սկսեց զարգանալ և ընդամենը մի քանի տասնամյակների ընթացքում դարձավ Հարավ-արևելյան Ասիայի ֆինանսա-տնտեսական ամենախոշոր կենտրոնը, իսկ ներկայումս համարվում է աշխարհի ամենաբարեկեցիկ և տեխնոլոգիապես առաջատար երկրներից մեկը։ Նման «թռիչքային» վերելքը ստացավ «սինգապուրյան հրաշք» անվանումը, որը պայմանավորված է մեծ մասամբ մի մարդու՝ Լի Քուան Յուի գործոնով։ Նա Սինգապուրի վարչապետն էր դեռևս բրիտանական գերիշխանության օրոք և մնաց այս պաշտոնում մինչև 1990 թվականը։
ՊեՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ընդունված է համարել, որ յուրաքանչյուր պետության կենսունակությունը մեծապես կապված է նրա աշխարհագրական դիրքի ու հետևաբար` նաև աշխարհաքաղաքական նշանակության հետ։ Սինգապուրի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր ու կարևոր էր, ինչպես և անվտանգ, քանի դեռ և՛ Սինգապուրը, և՛ նրան շրջապատող տարածքները գտնվում էին Բրիտանական կայսրության ենթակայության տակ։ Երբ բրիտանացիները լքեցին տարածաշրջանը, Սինգապուրը հայտնվեց բավական ծանր վիճակում։ Մալայան Դաշնության անդամակցումը չօգնեց Սինգապուրին լուծել ո՛չ անվտանգության և ո՛չ էլ տնտեսական զարգացման խնդիրները։ Այն բանից հետո, երբ մալայացիները առաջ քաշեցին «Մալայզիան մալայացիների համար» կարգախոսը, մեծ մասամբ չինացիներով բնակեցված Սինգապուրը դուրս եկավ Դաշնության կազմից։ Անկախության առաջին իսկ տարիներին Սինգապուրի առջև ծառացավ միջազգային խնդիրը։ Տեղի ունեցան մի շարք բախումներ չինացիների և մալայացիների միջև, որոնք, սակայն, հնարավոր եղավ մարել առանց մեծ զոհերի։
Դրանից հետո Սինգապուրը պետք է ընտրեր զարգացման իր ուրույն ճանապարը՝ կտրվելով տարածաշրջանից և ձգտելով դեպի զարգացած արդյունաբերական երկրներ` Ճապոնիա, Եվրոպա, ԱՄՆ։ Այս ընտրության համար կային մի շարք պատճառներ։ Նախ` Սինգապուրի գրեթե բոլոր հարևանները մահմեդական երկրներ էին, այնինչ բազմազգ Սինգապուրի բնակչությունը մեծ մասամբ բուդդայական էր։ Սինգապուրի բռնած ուղին չէր համընկնում Չինաստանի կոմունիստական գաղափարախոսության հետ, հետևաբար կար նաև մշտական վտանգ թե՛ կոմունիստական Ասիայից, թե՛ հենց Չինաստանից։ Հետևելով մշտապես արդիական «Հավատա՛ Աստծուն, բայց վառոդը միշտ չոր պահի՛ր» կարգախոսին` Սինգապուրը ձեռնամուխ եղավ իր պաշտպանության բանակի ձևավորմանը։
Այն պահին, երբ ամերիկացիները լքեցին տարածաշրջանը` փաստացի պարտվելով վիետնամական կոմունիստներին, պարզ դարձավ, որ Հարավ-արևելյան Ասիան շատ շուտով թեքվելու է դեպի ձախ։ Ժամանակի ընթացքում Լաոսն ու Կամբոջան դարձան կոմունիստական երկրներ։
Զարգացած արդյունաբերական երկրներից ներդրումներ ստանալու համար Սինգապուրին անհրաժեշտ էր ապացուցել, որ երկիրը հավատարիմ է արևմտյան ազատական արժեքներին, ուստի կոմունիզմի դեմ պայքարը դարձավ Սինգապուրի որդեգրած քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը։ Հաճախակի այդ պատճառով Չինաստանի հետ հարաբերությունները ստանում էին լարված բնույթ։ Սինգապուրում արգելում էին կոմունիստական Չինաստանի և նրա մեծ առաջնորդ Մաո Ցե Դունի քարոզչության տարածումը. բոլոր քարոզչական նյութերն առգրավվում էին, մեղավորները ենթարկվում պատասխանատվության։ Իր քաղաքացիներին զերծ պահելով կոմունիզմից` Սինգապուրն այնուամենայնիվ կարողանում էր լավ հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ` անընդհատ զարգացնելով առևտրա-տնտեսական կապերը։
Սինգապուրն ամենևին էլ չի կարելի անվանել դասական ժողովրդավարական երկիր։ Սինգապուրցիները դրան կարծես թե չեն էլ ձգտել` ընտրելով իրենց ժողովրդի հոգեկերտվածքին առավել բնորոշ կառավարման եղանակները։ Այնտեղ, ուր ժողովրդավարությունը չէր կարողանում օգնել, այն ուղղակի փոխարինում էին պարզ կարգապահությամբ։ Այդ իսկ պատճառով Սինգապուրը ամեն անգամ ԱՄՆ-ի հետ հայտնվում էր կոնֆլիկտային իրավիճակների մեջ, երբ վերջինս իր ժողովրդավարությամբ փորձում էր խառնվել Սինգապուրի ներքին գործերին։ Նույնիսկ աշխարհի ամենահզոր պետության հետ առճակատումը չէր վախեցնում Սինգապուրին իր ներքին կյանքը դասավորել ըստ սեփական փիլիսոփայության։
ՊԱՅՔԱՐ ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Գաղտնիք չէ, որ ազգային ազատագրական պայքարի ալիքի վրա ձևավորված իշխանությունները հաճախ դառնում են պատուհաս իրենց իսկ կողմից ազատագրած ժողովրդի գլխին՝ խրվելով կաշառակերության մեջ։ Սինգապուրում լավ էին հասկանում, որ տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության ապահովման կարևոր երաշխիքներից մեկը կաշառակերության դեմ պայքարն էր։
Սինգապուրում հասկանում էին, որ միայն հասարակության ծառայի պատվավոր կոչումը բավարար չէ մասնագիտական բարձր հմտություններով օժտված մարդկանց պետական համակարգ բերելու և նրանցից մշտական ազնվություն պահանջելու համար։ 1995թ. Սինգապուրում ընդունվեց մի օրենք, ըստ որի` պետական ծառայողների աշխատավարձերն ուղիղ համեմատական կապի մեջ էին դրվում մասնավոր հատվածի համապատասխան աստիճանի աշխատողների աշխատավարձերի հետ։ Եվ քանի որ կար տնտեսական աճ, ու մասնավոր հատվածում աշխատավարձերն անընդհատ աճում էին, հետևաբար` աճում էին նաև աշխատավարձերը պետական հատվածում։ Փաստորեն, պետական ծառայողի աշխատավարձը կախման մեջ էր ընկած իր իսկ արդյունավետությունից, այսինքն` մասնավոր հատվածի հաջողություններից։ Սինգապուրում սկսեց քարոզվել ու կիրառվել մերիտոկրատիայի գաղափարը. պետական համակարգում առաջընթացի գրավականը մարդու ընդունակություններն են` անկախ նրա սոցիալական, տնտեսական դիրքից, ծանոթ-բարեկամների առկայությունից։ Այս բոլոր քայլերը հնարավորություն տվեցին Սինգապուրի պետական համակարգում ընդգրկել ընդունակ և բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդկանց։
Սկսած 1959թ. Սինգապուրում գործում է Կաշառակերության դեպքերի հետաքննության բյուրոն (CPIB)։ Այս կառույցը ոչ միայն զբաղվում է կաշառակերության դեպքերի հետաքննությամբ, այլև իրականացնում է կաշառակերության դեմ ուղղված կանխարգելիչ գործողություններ։ Բյուրոն պարբերաբար այցելում է այն բոլոր պետական հիմնարկությունները, որոնք ենթարկվում են կոռուպցիոն ռիսկերի։ Անմիջականորեն ծանոթանալով կառավարչական գործընթացներին` Բյուրոն բացահայտում է այն բոլոր դեպքերը, որոնք կարող են կաշառակերություն առաջացնել, և վերացնում է դրանք։ Բյուրոն անմիջականորեն ենթարկվում է երկրի նախագահին, իսկ Բյուրոյի աշխատակիցներն իրավունք ունեն ստուգելու ցանկացած կասկած հարուցած պետական աշխատողի եկամուտները։
Կաշառակերության դեմ հայտարարված պատերազմում Սինգապուրը միանշանակ հաղթում է։ Transparency International միջազգային կազմակերպության գնահատմամբ` 2008թ. Սինգապուրը ամենաքիչ կոռումպացված երկրների շարքում չորրորդն էր։ Լի Քուան Յուն հավատացած էր, որ կաշառակերության դեմ պայքարը պետք է սկսել ամենավերևից, և պետության բարձրաստիճան պաշտոնյաները միայն իրենց ազնիվ բարքով կարող են օրինակ ծառայել համակարգի ավելի ցածր օղակների համար։ Լի Քուան Յուն նաև հասավ նրան, որ կաշառակերության յուրաքանչյուր բացահայտված դեպք հայտնվի հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այստեղ աշխատում են արդեն հասարակական պարսավանքի և հանդիմանության գործոնները։
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
Մինչև 1980-ական թթ. վերջերը Սինգապուրում գիտատեխնիկական առաջընթացը մեծ ուշադրություն չէր վայելում։ Սակայն երբ անդրազգային ընկերությունները սկսեցին իրենց գիտահետազոտական աշխատանքները տեղափոխել զարգացող երկրներ, Սինգապուրում սկսվեց գործուն ինովացիոն համակարգի ձևավորում։ Այսօր Սինգապուրն առաջնակարգ ինովացիոն երկրների շարքում է։ 2005թ. գիտահետազոտական աշխատանքների վրա կատարված ծախսերի ընդհանուր գումարը կազմում էր 5 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 2,3%-ը։ 2007թ. ԳՀԱ ծախսերն արդեն կազմում էին 6,3 մլրդ կամ ՀՆԱ-ի 2,6%-ը, որի 66%-ը կատարել էր մասնավոր հատվածը (2010թ. ծրագրվում է այս ցուցանիշը հասցնել մինչև 3%)։ 2007թ. գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկված է եղել 1049 ձեռնարկություն, որոնցից մասնավոր հատվածում՝ 992-ը։
Սինգապուրում լավ էն գիտակցում, որ գիտահետազոտական ոլորտում ներդրումներ ապահովելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ենթակառուցվածքներ ունենալ։ Օտարերկրյա ներդրողը, երիտասարդ կամ կայացած գիտնականը ուզում են ամեն ինչ ստանալ պատրաստի վիճակում։ Այդ իսկ պատճառով Սինգապուրի կառավարությունը ձեռնարկեց ինովացիոն կլաստերների ձևավորումը։ 2000թ. այս երկիրը որոշեց դառնալ կենսաբժշկության համաշխարհային կենտրոն` առաջնորդվելով «3 Կ»-երի (Արդյունաբերական կապիտալ, Մտավոր կապիտալ, Մարդկային կապիտալ) ռազմավարությամբ։ Նույն տարում հիմնադրվեց Հարավային Ասիայի ամենախոշոր կենսաբժշկական կլաստերը՝ Biopolis-ը, որն իր կազմում ունի 7 բարձրահարկ շինություն` 18 հազար ք/մ ընդհանուր մակերեսով։ Ծրագրի ընդհանուր արժեքն էր 350 մլն դոլար։ Այստեղ ստեղծված են գիտահետազոտական աշխատանքների իրականացման ամենաբարենպաստ պայմանները։ Այսօր Biopolis-ում աշխատում են կենսաբժշկության այնպիսի համաշխարհային հսկաներ, ինչպիսիք են Glaxo Wellcome-ը, Novartis-ը, Pfizer-ը և այլ ընկերություններ։ Երբ 2000թ. կենսաբժշկությունը Սինգապուրում հայտարարվեց գերակա ճյուղ, ոլորտի ընդհանուր թողարկումը կազմում էր 4,4 մլրդ դոլար, իսկ 2007թ. այն արդեն հասել էր 17,5 մլրդ դոլարի։
Հաջորդ խոշոր ինովացիոն կլաստերի՝ Fusionopolis-ի մեկնարկը տրվեց 2008թ. հոկտեմբերին, որի ձևավորումը նախատեսվում է վերջացնել 2012թ.։ Fusionopolis-ը բաղկացած է երկու` իրար հետ կապված երկնաքեր աշտարակներից՝ 120 հազար ք/մ ընդհանուր մակերեսով։ Սկզբնական շրջանում այստեղ կաշխատեն մինչև 800 գիտնական, 2012թ. նրանց թիվը կհասնի 2400-ի։ Այստեղ իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ նանո և միկրոէլեկտրոնիկայի, տվյալների պահպանման համակարգերի, հեռահաղորդակցման և այլ ոլորտներում։ Fusionopolis-ում տեղակայված է A*Star-ի 7 գիտահետազոտական ինստիտուտ։
Սինգապուրի նպատակաուղղված քաղաքականությունը գիտատեխնիկական առաջընթացը խրախուսելու հարցում չի սահմանափակվում ինովացիոն կլաստերների գործարկմամբ։ Այստեղ գործում են բազմաթիվ պետական, կառավարական մարմիններ, որոնց նպատակը ինովացիների զարգացումն է։ Դրանցից մեկը՝ Կառավարական SPRING գործակալությունը, զբաղվում է փոքր և միջին բիզնեսի զարգացման աջակցմամբ։ Գործակալությունը մատուցում է ձեռնարկությունների կայացմանն ու զարգացմանը անհրաժեշտ բոլոր գործառույթները` վարկավորում, խորհրդատվություն ինովացիաների, մարդկային ռեսուրսների կառավարման, շուկայագիտական հետազոտությունների, մտավոր սեփականության պաշտպանության, ինովացիոն արտադրանքի արտահանման և շատ այլ ոլորտներում։ 2007թ. SPRING-ի միջոցով Սինգապուրի կառավարությունը իրականացրել է 716 մլն դոլարի վարկավորում, 2008թ.` 990 մլն դոլարի։ Միայն 2008թ. այս կառուցի շնորհիվ ստեղծվել է 9700 նոր աշխատատեղ։
Իզուր չէ, որ ամերիկյան Boston Consulting Group-ի կողմից իրականացվող ամենամյա հետազոտության արդյունքով Սինգապուրը ճանաչվել է ինովացիաների համար ամենաբարենպաստ երկիրը։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Իր գոյության 50 տարվա ընթացքում Սինգապուրը կարողացավ դառնալ համաշխարհային ֆինանսական կենտրոն։ Ըստ The Global Financial Centers Index-ի (GFCI) վերջին հրապարակման` համաշխարհային ֆինանսական կենտրոնների շարքում Սինգապուրը զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Լոնդոնին ու Նյու Յորքին և գերազանցելով Տոկիոյին։ Այսօր և՛ ֆինանսների, և՛ ծառայությունների ոլորտները Սինգապուրի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերն են։ Օրինակ` 2008թ. միայն ծառայությունների ոլորտը ապահովել է Սինգապուրի ՀՆԱ-ի 67%-ը, իսկ միայն ֆինանսական ոլորտը՝ 13%-ը։ Այս տարվա տվյալներով` Սինգապուրում գործում է 114 բանկ, որոնցից ընդամենը 6-ն են տեղական, 158 ապահովագրական ընկերություն, և հարյուրավոր այլ ֆինանսական, խորհրդատվական ընկերություններ։
Սինգապուրի` համաշխարհային ֆինանսական կենտրոն դառնալու կարևոր գործոններից էր 1968թ. ձևավորված տարադրամի Ասիական դոլարային շուկան (Asian Dollar Market)։ Այս շուկայի միջոցով Սինգապուրում է կենտրոնանում տարածաշրջանում տարադրամով իրականացվող գործարքների մեծ մասը։ ADM-ի միջոցով է իրականանում զարգացած արդյունաբերական երկրներից կապիտալի ներհոսքը դեպի արագ զարգացող Հարավ-արևելյան Ասիայի տնտեսություն։ Միջազգային ֆինանսական շուկաների զարգացումը Սինգապուրում պայմանավորված է նաև մեկ այլ գործոնով. Սինգապուրը գտնվում է այնպիսի ժամանակային գոտում, որ երբ ամերիկյան բորսաներն արդեն փակ են, իսկ եվրոպականները դեռ բաց չեն, երկրում աշխատանքը եռում է։
Սինգապուրի բանկային համակարգը բաղկացած է երկու տիպի ֆինանսական ինստիտուտից՝ Տեղական բանկեր (Domestic Banking Unit-DBU) և Ասիական բանկեր (Asian Currency Unit -ACU)։ DBU-ն իրավունք ունի իր գործառույթներն իրականացնել միայն տեղական տարադրամով՝ Սինգապուրի դոլարով, ACU-ն՝ ընդհակառակը, իր գործառույթներն իրականացնում է միմիայն տարադրամով։ DBU-ն իր գործառույթները կատարում է միմիայն տեղական շուկայի համար, իսկ ACU-ն ունի հիմնականում օֆշորային նշանակություն։ Բանկային գործառույթների նման բաժանման միջոցով Սինգապուրի կառավարությունը կարողանում է տարբերակված ֆինանսական քաղաքականություն վարել։ DBU-ները ենթարկվում են ավելի խիստ կարգավորման, հարկերն այստեղ ավելի բարձր են։ ACU-ի համար գործում են բոլոր հարկային և ֆինանսական առավելությունները, որոնք հատուկ են օֆշորային բանկերին։ 2008թ. Սինգապուրի ACU-ների ակտիվները կազմել են 912 մլրդ դոլար, մոտ չորս անգամ ավելի շատ, քան Սինգապուրի ամբողջ ՀՆԱ-ն։ Սինգապուրյան բանկերը կարող են միաժամանակ իրականացնել վերոհիշյալ երկու գործառույթը՝ առանձին հաշվապահություն վարելու պայմանով։
ԻՆՉՈ՞ՒՄՆ Է ԳԱՂՏՆԻՔԸ
Անշուշտ, Սինգապուրի զարգացման գործում մեծ էր մարդկային, ավելի շուտ` մեկ մարդու գործոնը։ Մի քանի տասնամյակ սինգապուրի վարչապետի պաշտոնը վարող Լի Քուան Յուն ուղղակի փշուրներից ձևավորեց Ասիական վագրին։
Կարճ ժամանակամիջոցում Սինգապուրի իշխանությունները կարողացան իրենց փոքրիկ քաղաք-պետությունը հրամցնել աշխարհին որպես անկայուն տարածաշրջանի մի կայուն անկյուն։ Իշխանության վարած քաղաքականությունն իր հիմնական դրույթներով այդպես էլ չփոխվեց վերջին 50 տարիների ընթացքում։
Մյուս կողմից` Սինգապուրում հասկացան, որ ամենից շատ օտարերկրյա ներդրողը ձգտում է հարմարավետության։ Պատրաստի, արդիական օրենսդրություն և ենթակառուցվածքներ, ենթակառուցվածքներ ու ևս մեկ անգամ ենթակառուցվածքներ։
Իսկ ընդհանուր առմամբ այս ամենին հնարավոր եղավ հասնել միմիայն հավատի և իսկական հեղափոխություն իրականացնելու վճռականության շնորհիվ, որն էլ իրագործվեց Լի Քուան Յուի ձեռամբ ու առաջնորդությամբ։
Հաբեթ Մադոյան
“Business Class” N4(16) ՆՈՅԵՄԲԵՐ
If you would like to make a comment, please fill out the form below.
You must be logged in to post a comment.
Recent Comments