ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՆԱԼ MBA ԵՎ ՈՐՏԵ՞Ղ

By admin | Jan 12, 2010

ԼԱՎ ԲԻԶՆԵՍ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆԱՎԵՐԱԴԱՐՁԵԼԻՆ Է

Ուսումնասիրելով մարդու գենետիկ կոդը` ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ առաջնորդներ չեն դառնում, առաջնորդներ ծնվում են։ Մյուս կողմից` կա պնդում, որ առաջնորդային հատկանիշները ձեռք են բերվում կյանքի ընթացքում։ Սակայն առանց ընկղմվելու ակադեմիական այս բանավեճի մեջ` միանշանակ կարելի է պնդել, որ լավ առաջնորդին լավ կրթությունը երբեք չի խանգարի։ Այդ իսկ պատճառով  այսօր ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ է վայելում Բիզնեսի կառավարման բնագավառում տրվող MBA (Master of Business Administration) որակավորումը։

ՄԵԿ ԼԱՅՆ ՔԱՅԼ ԱՌԱՋ

Ըստ վիճակագրության` MBA դիմորդները սովորաբար 25-35 տարեկան, 3-5 տարվա աշխատանքային փորձով կառավարիչներն են։ Ի սկզբանե ենթադրվում է, որ դիմորդն արդեն իսկ անցել է որոշակի ճանապարհ և գիտակցում է MBA-ի անհրաժեշտությունը։ Այդ իսկ պատճառով ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել բավական բարդ GMAT քննությունը, գրել մի քանի շարադրություններ և այլն։ Լավ համալասարանները խուսափում են վատ ուսանողներ ընդունելուց։

MBA-ը դիմորդներից պահանջում է որոշակի զոհաբերություններ։ Նախ դիմորդը ընդհատում է իր` արդեն իսկ հաջողված կառավարչի կարիերան։ Այս դեպքում առաջանում են որոշակի ռիսկեր`՝կապված կրթության ավարտից հետո աշխատանք գտնելու հետ։ Բացի այդ` ուսման վրա ծախսված ժամանակը կարիերային աճի բաց թողնված հնարավորությունն է։ Մյուս կողմից` առաջանում է կորուստ՝ չստացված եկամուտների տեսքով։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս` MBA շրջանավարտները լուրջ անհագստանալու տեղ չունեն։

Այսպես, GMAC-ի (Graduate Management  Admission Council) կողմից իրականացված վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատանքի ընդունվելիս MBA-ների աշխատավարձը մինչև 35%-ով ավել է կառավարման ոլորտում այլ կրթական աստիճանով մասնագետներից։ Ըստ Financial Times-ի` 2009թ. MBA ծրագրերի համաշխարհային վարկանշային աղյուսակի լավագույն 20 համալսարանների շրջանավարտների միջին տարեկան աշխատավարձը կազմում է 145 հազ ԱՄՆ դոլար։ Ընդ որում` միջինում այս համալսարանների շրջանավարտների 93%-ն աշխատանքի է անցնում ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում։

Այնուամենայնիվ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը նույնպես իր ազդեցությունն ունեցավ MBA-ների շուկայի վրա։ GMAC-ը կանխատեսում է MBA-ների նախնական աշխատավարձերի 4-7% կրճատում 2008թ. համեմատ։ Այնուամենայնիվ, հարցմանը մասնակցած ընկերությունների 98%-ը գոհ է  MBA-ների աշխատանքի որակից և արդյունավետությունից, ինչը վկայում է MBA կրթության իրական արդյունավետության մասին։

Չնայած MBA-ի մասին առկա որոշ քննադատությունների` այն այնուամենայնիվ մնում է կառավարիչների կարիերային աճի լավագույն հնարավորություններից մեկը։ ՙԱրտասահմանյան շատ ընկերություններ իրենց աշխատողներից պահանջում են MBA-ի աստիճան կառավարման ոլորտում բարձր պաշտոններր նրանց վստահելու համար,- ասում է Berkley համալսարանի MBA շրջանավարտ Ջեմմա Իսրայելյանը։- Ի տարբերություն տնտեսագիտական այլ կրթական ծրագրերի` MBA-ն ավելի շատ պրակտիկ բնույթ ունի։ Կրթական գործընթացը հիմնված է բիզնեսի պրակտիկ խնդիրների լուծման և իրական օրինակների ուսումնասիրության վրա։ MBA-ը պատրաստում է բիզնեսի պրակտիկ կառավարիչների՚։

MBA կրթության կարևոր առավելությունների շարքում մատնանշելով փորձի փոխանակման հնարավորությունը, Ջ. Իսրայելյանն ասում է, որ իր կուրսընկերների մոտ 40%-ն արտասահմանցիներ էին, որոնք քննարկվող ցանկացած հարցի շուրջ արտահայտում էին տարբեր կարծիքներ` հիմնված տարբեր երկների և մշակույթների պայմաններում ձեռք բերված փորձի վրա։ Իսկ փորձի փոխանակումն առաջացնում է ապագայում պրակտիկ լուծումների ընտրության լայն հնարավորություններ։

ԻՆՉՊԵՍ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ ԱՊԱԳԱՆ

Ընդհանրապես կա MBA կրթությունը ֆինանսավորելու երեք տեսակ։ Առաջին և ամենապարզ տեսակը սեփական միջոցներն են։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս կրթությունն ամենևին էլ ամենամատչելիներից չէ։ ԱՄՆ լավագույն  տասը համալսարանների MBA ծրագրերի միջին տարեկան վարձավճարը կազմում է  45 000 ԱՄՆ դոլար։ Այս գումարին անհրաժեշտ է ավելացնել ապրելու, մասնագիտական գրականության և ճամփորդության ծախսերը։ Ընդհանուր ծախսերը կարող են հասնել մինչև 70 000 դոլարի։ Սակայն եթե չեք հասցրել այդքան գումար կուտակել կամ մահամերձ միլիոնատիրոջ միակ ժառանգը չեք, ապա անհրաժեշտ է գտնել ֆինանսավորման այլ աղբյուրներ։ Մի շարք հիմնադրամներ այսօր առաջարկում են կրթաթոշակի տարբեր տեսակներ։ Այս տարվանից Հայաստանում սկսել է գործել «Լույս» հիմնադրամը, որը նպատակ ունի խրախուսել հայ երիտասարդներին կրթություն ստանալ արտերկրում։ Սակայն հիմնադրամը չի հոգալու կրթության ծախսերն ամբողջ ծավալով։ «Լույս» հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում բոլոր այն հայազգի ուսանողներին, որոնք ընդունվել են USNEWS Report վարկանշային ցուցակում ընդգրկված լավագույն 25 համալսարաններից մեկը։ Նշված համալսարաններ ընդունված յուրաքանչյուր ուսանող դառնում է մեր կրթաթոշակառուն»- ասում է հիմնադրամի տնօրենի օգնական և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անահիտ Էվոյանը։ Սակայն USNEWS վարկանշային սանդղակը չի կառուցվում ըստ մասնագիտությունների, ինչի արդյունքում այն կարող է և չհամընկնել լավագույն MBA ծրագրերով համալսարանների վարկանշային ցուցակներին: Այնուամենայնիվ, նկատենք, որ հիմնադրամը չի հոգում ուսման ծախսերն ամբողջությամբ: ՙՀիմնադրամը հաշվարկում է սովորելու համար անհրաժեշտ բոլոր ծախսերը և տրամադրում է ուսանողներին անհրաժեշտ գումարի որոշ մասը (սովորաբար կեսը), բայց ոչ երբեք ամբողջը։ Այսպիսով, մենք խրախուսում ենք ուսանողներին փնտրել և գտնել կրթաթոշակի այլ աղբյուրներ, և, ինչու չէ, նաև անցնել աշխատանքի,՝ ինչը նրանց համար և փորձ է, և հնարավորություն` հոգալ ծախսերի մի մասն ինքնուրույն՚,- ասում է Ա. Էվոյանը։

Փաստորեն, «Լույսի»  շահառու դառնալու համար դիմորդը պետք է բավարարի մի շարք պայմաններ`՝ լինի ծագումով հայ կամ Հայաստանի քաղաքացի, ինչպես նաև լինի առնվազն 18, բայց ոչ ավել քան 40 տարեկան։ Հիմնադրամն ունի մի շարք այլ պահանջներ, որոնք մանրամասն ներկայացված են հիմնադրամի www.luys.am կայքում։ Նշենք նաև, որ այսօր գործում են մի շարք այլ թե՜ մասնավոր և թե՜ պետական արտասահմանյան հիմնադրամներ, որոնք կարող են կրթաթոշակ տրամադրել։ Կան բազմաթիվ հիմնադրամներ, որոնք տրամադրում են կրթաթոշակներ` կախված դիմորդների որոշակի հատկանիշներից, օրինակ՝ դիմորդի սեռը, տարիքը, քաղաքացիությունը, արժանիքներն ու ձեռքբերումները, ֆինանսական կարիքը (եթե դիմորդը կարողանում է այն հաստատել)։ Կրթաթոշակներ են տրամադրում նաև համալսարանները։ Սակայն նրանք մեծ դժկամությամբ են տրամադրում MBA կրթաթոշակ, քանի որ ենթադրվում է, որ ավարտելուց հետո MBA-ը ստանում է լուրջ փող աշխատելու ծանրակշիռ հնարավորություններ։ Այնուամենայնիվ, կրթաթոշակ ստանալը հնարավոր է, միայն պետք չէ վախենալ դժվարություններից։ «Ես ստացել եմ Բերկլիի համալսարանի ամբողջական կրթաթոշակ, ընդ որում` կրթաթոշակը ստացել եմ առանց լրացուցիչ փաստաթղթեր լրացնելու։ Իմ ընդունելության դրական պատասխանի հետ ես ստացա նաև կրթաթոշակի առաջարկ։ Այսինքն` կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկվել էր ընդունելության հարցի հետ մեկտեղ»- ասում է Ջ. Իսրայելյանը։

Այնուամենայնիվ, կրթության ֆինանսավորման հարցում պետք չէ հույսը դնել միայն մեկ աղբյուրի վրա։ Օրինակ` կարելի է կրթաթոշակի կեսը ստանալ «Լույսից», մի որոշ մասը` համալսարանից, իսկ մնացածը` վերցնել վարկով։ Վարկեր MBA կրթության համար տրամադրվում են ավելի մեծ պատրաստակամությամբ. բոլորն էլ լավ են հասկանում` MBA-ը առանց գործ չի մնա և ի վիճակի կլինի վերադարձնել վարկը։

ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

ԱՄՆ-ում տարբեր ոլորտներում մագիստրոսական կրթություն ստանալու իրական հնարավորություններ է ընձեռում ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ՙԷդմունդ Ս. Մասկիի (Edmund Muskey) անվան կրթաթոշակների ծրագիրը՚։ Կրթաթոշակն ամբողջովին բավարար է ԱՄՆ-ում կրթություն ստանալու համար։ Այն իր մեջ ներառում է կրթության վարձը, ԱՄՆ-ում ապրելու ծախսերը, ինքնաթիռի տոմսերը Հայաստանից ԱՄՆ և հակառակը, ապահովագրություն, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու սահմանափակ հնարավորություն և այլն։ Ստանալով «Մասկի» կրթաթոշակ` դիմորդն այլևս կարիք չունի ֆինանսավորում փնտրել։ Սակայն ի՞նչ չափանիշներ պետք է բավարարի այդ հաջողակը. «Դիմորդների ընտրությունն ամբողջովին թափանցիկ է և հիմնված է դիմորդի անձնական արժանիքների վրա,- ասում է «Մասկի» ծրագրի համակարգող  IREX Armenia-ի տնօրեն, կրթական ծրագրերի ղեկավար Արինա Զոհրաբյանը։- Ընդհանուր առմամբ, ուշադրություն է դարձվում մի շարք կարևոր կետերի վրա։ Ինչքան բարձր են դիմորդի գնահատականները բակալավրիատում կամ մագիստրատուրայում սովորելու ընթացքում, այնքան բարձրանում են կրթաթոշակ ստանալու հնարավորությունները։ Նախընտրելի է, որ նրանք ունենան իրենց ընտրած ոլորտին համապատասխան աշխատանքային փորձ, ինչպես նաև ցուցաբերած լինեն առաջնորդական որոշակի հատկություններ»։ Բնականաբար, դիմորդները պետք է ունենան անգլերեն կրթություն ստանալու համար անհրաժեշտ գրավոր և բանավոր լեզվական գիտելիքներ։ Ծրագիրը նաև առավելություններ է տալիս այն դիմորդներին, որոնք բնակվում են Երևանից դուրս և չեն մասնակցել ԱՄՆ-ի որևէ այլ կրթական ծրագրերի։ Ծրագրի պարտադիր պահանջներից է նաև, որ իր շրջանավարտներն ուսման ավարտից հետո անպայման վերադառնան հայրենի երկիր։ «Վերադառնալով Հայաստան՝ շրջանավարտները կզբաղվեն ակտիվ գործունեությամբ, կկիսեն իրենց գիտելիքները, աշխատանքային փորձը (ծրագիրը պահանջում է, որ ուսանողներն անցնեն աշխատանքային պրակտիկա ԱՄՆ-ում, ինչպես նաև զբաղվեն կամավորական աշխատանքներով) հասարակության մյուս անդամների հետ, ինչի արդյունքում կբարձրանա ծրագրի ընդհանուր արդյունավետությունը»- ասում է Ա.Զոհրաբյանը։ Սակայն «Մասկի» կրթաթոշակ ստացողները համալսարանի ընտրության հնարավորություն չունեն։ Ծրագիրն ունի իր կողմից ընտրված համալսարանները, որոնք պետք է ընդունեն շահառուներին։ ԱՄՆ-ում արդեն տեղի է ունենում հակառակ գործընթացը. համալսարաններն են մրցակցում շահառուներին իրենց մոտ ընդունելու համար, սակայն շահառուն, բոլոր դեպքերում, չունի ընտրության հնարավորություն։

ՓՇՈՏ Է ՓԱՌՔԻ ՃԱՄՓԱՆ

Անշուշտ MBA կրթական ծրագրին մասնակցելն արտասահմանում, այն էլ ուրիշի հաշվին, բավական դժվար և ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է հանձնել TOEFL և GMAT քննությունները, իսկ լավ համալսարան ընդունվելու ցանկության դեպքում` հանձնել դրանք պատվով և ստանալ բարձր գնահատականներ։ Լրացնել բազմապիսի փաստաթղթեր, վազել աջ ու ձախ, ուսումնասիրել բիզնես դպրոցների պահանջները և այլն։ Սրանք այն նվազագույն քայլերն են, որ անհրաժեշտ է անել դրսում MBA ստանալու համար։ Սակայն նպատակն այս դեպքում արդարացնում է ծախսած միջոցները։

Հաբեթ Հ. Մադոյան

Business Class N5(17) ԴԵԿՏԵՄԲԵՐ

Comments are closed.

Leave a Comment

If you would like to make a comment, please fill out the form below.

You must be logged in to post a comment.

© 2009 Տնտեսական Բլոգ, - Բոլոր իրավունքները պաշտպանված են